
Ecolur.org-ը գրում է.
Արմանիսի դպրոցի բակում կուտակված մկնդեղով և ծանր մետաղներով լի հանքաթափոնները հեռացվել են դպրոցի բակից: Այս մասին տեղեկանում ենք Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանի տարածած հաղորդագրությունից:
Մեկ տարի առաջ Ստեփանավանի Օրհուս կենտրոնը Արմանիսի դպրոցի բակում հայտնաբերել էր մեծածավալ հանքաթափոններ: Ամերիկյան համալսարանի փորձագետների հետազոտության արդյունքների համաձայն` դրանք մկնդեղ և ծանր մետաղներ են պարունակել: Կենտրոնը պարզել էր, որ այդ թափոնները Արմանիսի դպրոցի բակ են բերվել «Սագամար» ՓԲԸ-ի կողմից՝ խաղահրապարակ կառուցելու նպատակով: Բազմաթիվ նամակներից հետո կենտրոնին հաջողվեց կապ ստեղծել «Սագամար» ընկերության նոր տնօրինության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում էլ դպրոցի բակը մաքրվեց թունավոր մետաղներից:
Այս պահին Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը չի աշխատում, աշխատանքը սկսելուն պես նոր տնօրինությունն, ըստ հավաստիացումների, նպատակ ունի աշխատել՝ պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը:
Լուսանկարները aarhus.am կայքից