Այսօր հանրության մեջ փոխադարձ ատելությունը հասել է ահագնացող չափերի, հակամարտող կողմերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, գոտկատեղից ներքև խփելն արդեն անթույլատրելի չի համարվում, խփում են բոլոր կողմերից ու բոլոր տեղերին։ Ընդդիմախոսին պախարակելու համար ապատեղեկատվության մի այնպիսի հոսք է, որ եթե անգամ մի քանի րոպե անց այն հերքվում է, այնուամենայնիվ, դիտավորյալ այն շարունակում են համացանցում տարածել օրերով։ Զավեշտն այն է, որ ամեն մի կողմը մյուսին է մեղադրում, թե ումից է սկսվել այս արատավոր երևույթը։ Եթե չգիտեն, թե ումից սկսվեց, պետք է որ մանուկ հասակում իրենց համար «Մի կաթիլ մեղրը» կարդացած լինեին ու հասկանային, որ ամենամեծ կոնֆլիկտն էլ դրանից է սկսվում։ Ու կարևոր չէ, թե ով է սկսել, կարևոր է, թե ով իր մեջ ուժ կգտնի վերջ տալու դրան։ Իսկ նախաձեռնությունն այս պարագայում պետք է հանդես բերի իշխանությունը, քանի որ օրենքի ուժով ուժն իր ձեռքում է, իսկ ուժեղը պետք է բարի լինի։

Բայց ի՞նչ ենք տեսնում․ պաշտոնական հերքումն անգամ հանրության մոտ արժանահավատ չի երևում, ոչ այն պատճառով, որ իշխանության ընդդիմախոսներին ավելի են հավատում, այլ, որ իշխանությանը չեն հավատում։ Սովորաբար, անկախ ամեն ինչից, պաշտոնական հերքումը զգաստացնող է, բաց մեր պարագայում տարակուսած են, թե ինչպես կարող են պաշտոնական խոսքը կեղծելով արժեզրկել։ Բայց երբ պաշտոնական հայտարարությունները փոխարինվել են Փաշինյանի տնավարի «լայվերով», որ մի օր, ըստ տրամադրության մի բան կասի, մյուս օրը՝ միանգամայն այլ, վարչապետից ցածր պաշտոնյայի հայտարարությունն ինչի՞ պետք է արժանահավատ համարես կամ լուրջ ընդունես, երբ «առաջին ձեռքից» ինչ անլուրջ թեմայի մասին ասես, իմանում ես, ու հետո էլ իմանում, որ դա սխալ էր, ճիշտը վարչապետի՝ վերջինը հայտարարած սխալ ինֆորմացիան է։
Բայց սրանից տուժում է ողջ հանրությունը, մեր երկիրը մի քանի նախկին ու ներկա իշխանավորներից չէ բաղկացած։ Ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ լինել անպատասխանատու, քանի որ նա կարող է և իշխանության չգալ ու ստիպված լինել իր ճղճղան խոստումները կյանքի կոչել, իսկ իր ասելիքն ու անելիքը սոսկ իրենց տեղը հիշեցնելուն են ծառայում՝ որևէ քաղաքական բիզնես պրոյեկտի շրջանակներում։ Բայց մեր պարագայում տեղի ունեցավ ամենաանցանկալին՝ երեկվա ամենաանպատասխանատու ընդդիմադիրներն այսօր զբաղեցնում են ամենապատասխանատու պաշտոնները։

Մեկ այլ դեպքում Փաշինյանը ահաբեկում է, թե՝ մեր ժպիտները թուլություն չհամարեք, այլապես օրենքի ծանր ուժը կզգաք ձեր վրա։ Սա հիշեցնում է Անտոն Չեխովի հայտնի խոսքերը․ «Լավ դաստիարակությունը նրանում չէ, որ սոուսը չթափես սփռոցին, այլ նրանում, որ չնկատես, երբ դա անում է մեկ ուրիշը»։ Իսկ դաստիարակության հետ շատ քիչ աղերս ունեցողներն այդ պահին ջանք չեն խնայում, որպեսզի սեղանակիցներին հասկացնեն, որ իրենք նկատել են, որ մեկը սոուսը թափել է, բայց չնկատելու են տալիս։ Հիմա մեր վարչապետն ամեն անգամ մի բռի բան է անում, ասֆալտին փռել տալիս ու պատին ծեփել, որպեսզի հանկարծ սիրո ու հանդուրժողականության հեղափոխության կոչերի վրա չխաբվեն ու դա թուլություն որակեն։ Եթե ամեն անգամ իր արածն ու չարածը, ասածն ու չասածը պետք է ապացուցի՝ դրան հակառակն անելով, մենք այդպես ո՞ւր կգնանք։ Վարչապետը խելացի խորհուրդներին չի հետևում, որ հանկարծ չկարծեն, թե ինքը սեփական խելք չունի։

Որպեսզի ԱՄՆ-ում չկարծեին, թե Փաշինյանը փոքր երկրի խեղճուկրակ ղեկավար է, հպարտորեն հայտարարում էր, որ ԱՄՆ-ին ամենից շատ ինքն է քննադատել։ Որպեսզի մեր ռազմավարական դաշնակից պետությունում Փաշինյանին խեղճ չպատկերացնեն, կարող է Հայաստանում ռուսական կապիտալով բոլոր ձեռնարկություններում լայնածավալ ստուգումներ անցկացնել։ Այն դեպքում, երբ շատ հաճախ մենք ենք խնդրել ռուսական կողմին այդ ներդումներն անելու հարցում։ Ինչ խոսք, Սերգեյ Լավրովի խոսքը դիվանագիտական էթիկետի տեսանկյունից խիստ տարօրինակ էր, երբ նշեց, որ գործընկերությունը միակողմանի չէ, երբ ՌԴ-ից աջակցություն են ակնկալում, նման վերաբերմունք էլ պետք է ունենալ ՌԴ-ի կապիտալով հայաստանյան ընկերությունների հանդեպ։ Մինչդեռ Հայաստանի տարածքում բիզնես գործունեություն ծավալող ցանկացած ընկերություն ենթարկվում է մեր օրենքներին՝ անկախ նրանից՝ դրսի, թե ներսի կապիտալով է։ Բայց երբ ՌԴ ղեկավարությանը հասու է դառնում այն ինֆորմացիան, որ Փաշինյանը տարբեր չափի մուծումների դիմաց որոշ մեծահարուստ գործարարների «ինդուլգենցիա» է տալիս, ու նրանք շարունակում են առոք-փառոք աշխատել, պաշտոնական Կրեմլն իրավունք ունի ոչ պաշտոնական լեքսիկոնով ասել, որ եթե այս կամ այն բիզնեսմենի հետ հարաբերությունը կառուցում եք հրապարակային աճուրդի ու հոխորտանքի միջոցով, ապա ՌԴ-ի հանդեպ հոխորտանքը հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով, իսկ սակարկելն էլ առնվազն անլուրջ է, քանի որ այդ երկրի հետ մեր ռազմավարական գործունեության շրջանակներում եթե ամեն ինչ դառնա սակարկության առարկա, ապա մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք։

Ու իշխանության այս կարգի անլրջությունը լրջագույն վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, իսկ վիճակն օր օրի խորանում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել