1in.am-ը գրում է.
«Իսկական հայը յոթ երեխայով պետք է սեղան նստի՝ մի կտոր հաց ուտելու»,- այս կարծիքին է երկու դուստր և հինգ որդի ունեցող, պատերազմի մասնակից Արմեն Հարությունյանը, ով չնայած սոցիալական ծանր պայմաններին՝ կյանքի հանդեպ չի դառնացել: Նա հպարտությամբ նշեց, որ տղաներից երկուսը շուտով քննություն են հանձնելու «Փոքր Մհեր» կրթահամալիր ընդունվելու համար, նրանց երազանքը Հայոց բանակի սպա դառնալն է: Ընտանիքի մայրը՝ Պայծառ Մանուչարյանը, չնայած բազում դժվարություններին՝ չի տրտնջում:
Արցախի փողոցի հինգերոդ շենքի առաջին հարկում է բնակվում Հարությունյանների ընտանիքը, չորրորդ կարգի վթարային շենքում առանց ջրի, առանց կոմունալ հարմարությունների ապրում են տասը տարուց ավելի: Ջուրը երեխաների հետ ստիպված դույլերով բերում են հարևան բակից, իսկ բնական կարիքները հոգում են դույլերում, մայրը տանում է՝ հեռվում թափում: Արդեն տասը տարի է՝ այս պայմաններում են:
Արմեն Հարությունյանը պատերազմի մասնակից է, ցույց է տալիս իր մեդալը, ծառայության գրքույկներն ու նշում, որ բազմազավակ ընտանիքը պետությունից որևէ աջակցություն չի ստացել այսքան ժամանակ: Գրեթե լուծվել է նպաստի հարցը, մինչդեռ մինչև հիմա ընտանիքը նպաստ չի ստացել: Արմեն Հարությունյանն արտագնա աշխատանքի մասին թեև մտածում է, բայց արտագաղթի մասին՝ երբեք, իր զավակները պետք է հայրենիքում ապրեն:Նա միացել է Ազատության հրապարակում հավաքված ազատամարտիկների կոչին: «Ցանկացած հայ մարդ պետք է պայքարի արդարության, ճշտի համար»,- ասաց Արմեն Հարությունյանը: Երեխաները դպրոցում լավ են սովորում, նրանցից երեքը հաճախում են Ավանի գիշերօթիկ դպրոց: Մեծ դուստրը՝ Ալինան, գիշերօթիկի ավագն է:
Ծնողները չեն ուզում զավակներին գիշերօթիկ ուղարկել, սակայն ստիպված են, քանի որ չունեն ապրելու նվազագույն պայմաններ:
Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 15-ին իր աշխատասենյակում ընդունել է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութի հերոս 14-ամյա Հովհաննես Հարությունյանին, ով ցանկություն էր հայտնել հանդիպել նրա հետ և ասել իր ասելիքը:
«Վարչապետի մոտ էի, կտրականապես մերժեց, իսկ սովետի ժամանակ բազմազավակ ընտանիքին տրամադրում էին տուն, ավտոմեքնենա, իսկ հիմա ոչինչ»,- ասաց Արմեն Հարությունյանը: Հովհաննես Հարությունյանը վարչապետի հետ հանդիպումից դժգոհ է. «Ինչ խոստացավ, բոլորը սուտ և փուչ խոաքերն էին, ինչ խոստացել էր՝ չարեց։ Ամեն ինչ խոստացել էր՝ հատկապես ուսման հարցով, իր տված խոստումներից ոչ մի բան չի իրականացրել»,- ասաց Հովիկը: Հայրը ցույց տվեց համակարգիչը, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է նվիրել վարչապետի հրամանով, և շնորհակալություն հայտնեց: Սակայն Հովհաննեսի ամենամեծ ցանկությունը՝ տան հարցի լուծումը, այդպես էլ չի իրականացել: Նախագահի հետ հանդիպել չի պատրաստվում, քանի որ վարչապետին հանդիպելուց որևէ օգուտ, իր իսկ խոսքերով, չկա:
Կյանքի հանդեպ ընտանիքը չի դառնացել. Արթուրը մեքենա է քշում, օրը հինգ հազար դրամից հազար դրամը պարտք է տալիս, իսկ չորս հազարը՝ բերում տուն: Ի դեպ, մեր գնացած ժամանակ ամբողջ ընտանիքը դիտում էր հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Երևանի բնակիչ Հրաչյա Հարությունյանի դստեր ասուլիսը, որտեղ աղջիկը բոլորից օգնություն էր խնդրում:
Արմեն Հարությունյանը հուզված էր. պարզվեց, որ Հրաչյա Հարությունյանն Արմենի հորեղբոր որդին է: 14 -ամյա Հովհաննեսն իր հերթին բոլորից օգնություն խնդրեց. «Հուսով եմ՝ քրոջս արձագանքը տեղ կհասնի, ով օգնություն է խնդրում մարդկանցից։ Ներկա պահին ես էլ եմ օգնություն խնդրում մարդկանից, ամեն ինչ ստացվի՝ ավելի շատ ուրախ կլինենք, որ հորեղբայրս ազատության մեջ լինի, բայց գոնե իր պատիժը թող հայրենիքում կրի։ Մի օր էլ մեր ձեռքն է մի ռուս ընկնելու, մենք նույն ձևով ենք պատասխան տալու, մի օր էլ մենք ենք իրենց տեղը նստելու և իրենց հետ այդպես վարվելու: Թող իրենք հագնեն այդ խալաթը՝ ման գան: Էսօր ո՞ւմ շնորհիվ են ապրում. այդ մարդկանցից մեկն էլ իմ հոպարն է եղել, որին այսօր իրենք այդպես պատասխան են տալիս, մի օր արդարադատությունը կլինի, ու այդ ժամանակ մենք իրենց կասենք»:
Քույրը՝ Ալինան էլ նկատեց. «Ինչի՞ համար է գնացել, իր կյանքը զոհել… Բառեր չեմ գտնում ասելու ուղղակի… Թանկացրել են ամեն ինչ, ու մարդը գործ չի ունեցել այստեղ, գնացել է»: