Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ երկու տարի առաջ հեղափոխական իշխանությունը սահմանել է բարձր նպատակներ, որոնք հիմնականում չեն կատարվել: Tert.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ կարող են լինել արտահերթ զարգացումներ, ինչի մասին գիտակացում են նաև իշխանությունները: 

-Ես կարծում եմ, որ կուսակցություն ունենալով և հեղափոխություն իրականացնելով` Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ձեռք են բերել համապատասխան փորձառություն` և´ դրական, և´ բացասական, ուստի հասկանում են՝ օրինաչափ զարգացումներն ինչպիսին կարող են լինել, և պատահական չէր, որ երկու տարվան համընթաց սկսեցին խոսել հիասթափվածների մասին:

-Տիկին Դիլբարյան, Ձեր կարծիքով 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից երկու տարի անց ինչպիսի՞ իրավիճակում ենք, արդյո՞ք հասարակության սպասելիքներն արդարացել են:

-Երկու տարին ամփոփում ենք արտակարագ իրավիճակում՝ համավարակի դեմ պայքարի ճակատում, ուստի, խանդավառող տրամադրություններ դժվար թե լինեն: Բայց կարևորն արձանագրելն է այն իրողությունը, որ հեղափոխությունը բարձրացավ բարձր հույսերի հզոր ալիքին, մենք մտածում էինք, որ հեղափոխությունն իսկապես կլինի համախմբող, հաճախ են նշում` թավշյա և սիրո, ես կարծում եմ՝ այդ սերը պիտի լիներ հայ հանրության համախմբումը Չարենցյան հավաքական ուժի կոչով, որով կկարողանայինք 21-րդ դարի աշխարհում գտնել մեր տեղը, որովհետև մինչ այդ գործող և´ իշխանական, և´ պետական համակարգը չէր դնում այդպիսի նպատակներ, բայց այդպես չեղավ: Բարձր նպատակները ձևավորվեցին, բայց պետք է արձանագրել, որ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների շղթայում եղան բազմաթիվ բացթողումներ, վրիպումներ, որոնց մի մասից կարելի էր խուսափել: Եվ, ամենակարևորը, ինչին մենք չկարողացանք հասնել, դա ներհասարակական ներդաշնակությունն էր, մեզ մոտ ստեղծվեց հարձակվողական մթնոլորտ: Ասում են՝ հեղափոխություն կատարում են ռոմանտիկները, բայց ռոմանտիկ գաղափարներից հետո պետք է ձևավորվեր բարեփոխիչների մեծ համախմբումը, որը հանրության լայն աջակցությամբ Հայաստանը պետք է տաներ առաջ, բայց բարեփոխիչների համախումբը չձևավորվեց: Նիկոլ Փաշինյանը հենվում է միայն իր թիմի վրա, չի իրականացնում քաղաքական կունսուլտացիաներ:

-Տիկին Դիլբարյան, քաղաքական գործիչների կողմից տարբեր ոլորտներին առնչվող մտահոգություններ են հնչում՝ սոցիալ-տնտեսական հարցերից միչև Արցախյան հիմնախնդրին վերաբերող:

-Երբ խոսում էի բարեփոխիչների հանձնախմբի մասին՝ նկատի ունեի, որ այդ հանձնախումը պետք է անդրադառնար նաև նշված խնդիրներին: Մենք ունենք Արցախյան հարցի կարգավորման գործընթացքում տարբեր մարտահրավերներ, որոնք դրսից նետվում են դեպի մեզ, մենք ունենք սոցիալական, տնտեսական խնդիրներ: Եվ դա կարող էինք լուծել և այսօր էլ կարող են լուծել միայն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան մասնագիտական ներուժ, բարեփոխումներ կատարելու հստակ կամք: Դրա համար պետք է համախմբված լինենք, չնայած խոսվում է այն մասին, որ ազատ քաղաքացու օրն է, քաղաքացին է ամեն ինչ որոշում, բայց այդ երևույթները մնացին իբրև կարգախոսներ: Այսինքն՝ մենք չկարողացանք հաղթահարել մեզ տարանջատող ներքին արգելքները և դեռ հակառակը՝ ստեղծվեցին նոր արգելքներ:

Բացի դրանից, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, շատերը մտածում էին, որ մենք դուրս ենք գալու երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան թնջուկից, գնալու ենք առաջ, ձևավորվելու են նոր ուժեր, բայց մենք տեսնում ենք, որ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ նշվում է, որ հայոց քաղաքական դաշտում կան երկու բևեռներ. մեկն ինքն է՝ «Իմ քայլի»-ի թիմով և մյուս բևեռը` Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, այսինքն՝ անցյալը: Հեղափոխության ամենամեծ ձախողումը կարելի է համարել այն, որ հանրության մեջ իսկապես շարունակեցին մնալ սևերը և սպիտակները, բայց ես համոզված եմ, որ հետագա զարգացումները ցույց կտան, որ դա այդպես չէ, այս իշխանություններին քննադատողները միայն այդ թևից չեն, կա ձևավորված քաղաքական դաշտ, որը պարզապես սպասում է:

Պետք է նշել, որ ձախողումներից ամենակարևորն օրենսդրական արդյունավետ կարգավորումները չընդունելն էլ՝ ընտրական օրենսգրքի փոփոխություններից մինչև սահմանադրական փոփոխություններ, բայց սահմանադրական փոփոխություններ ասելով՝ նկատի չունեմ սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը, նկատի ունեմ առանցքային դրույթների փոփոխությունների փաթեթը, կառավարման համակարգի փոփոխությունը որոնց մասին հեղափոխության օրերին խոստումներ էին հնչում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել