105 տարի առաջ ապրիլի 24-ին Պոլսի հայ քաղաքական և մտավորական առաջնորդների մասսայական ձերբակալությամբ և աքսորով սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով մենք կորցրինք ոչ միայն միլիոնից ավել անմեղ կյանքեր, այլև մեր պատմական հայրենքի մեծ մասը և այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։

Մեր ազգը մինչև հիմա չի վերականգնվել Ցեղասպանության հասցրած ծանրագույն հարվածից, մեր պատմական հայրենիքի մեծ մասը շարունակում է մնալ ավերակների մեջ, իսկ ժողովրդի մեծ մասն էլ ցրված է աշխարհով մեկ։ Այսօրվա մեր դժվարությունների մեծ մասն էլ պայմանավորված է Ցեղասպանության պատճառած անդառնալի կորուստներով ու դրանց շղթայական հետևանքներով, և ամեն հայ ընտանիք մինչև հիմա իր վրա զգում է դրանց ծանր կնիքը։

Եթե մենք երբևիցե ցանկանում ենք անվտանգ ու երջանիկ ապրել մեր հայրենիքում, մենք պետք է կարողանանք կտրել Ցեղասպանությամբ ստեղծած դժբախտությունների շղթան, վեր հառնենք և կայանանք որպես ժամանակակից ազգ և կենսունակ պետություն։ Այսօր՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, ես վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝
- պաշտպանել մեր երկրի այն թանկագին մասը, որը մենք կարողացանք պահպանել, և դարձնել այն հզոր, անառիկ ու ապահով,
- կառուցել այն պետությունը, որում ամեն հայ ընտանիք կարող է անվտանգ և ազատ ապրել և մեծացնել իր զավակներին,
- դաստիարակել սեփական զավակներին՝ որպես մեր երկրի պատասխանատու և պահանջատեր քաղաքացիների,
- միշտ հիշել մեր անմեղ զոհերին և վառ պահել նրանց հիշատակը,
- վառ պահել պատմական հայրենիքի կորուսյալ մասը վերադարձնելու երազանքը, և ամեն քայլով մոտեցնել այդ օրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել