
Pastinfo.am-ը գրում է.
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է արդեն 2 օր դեսպանատան շենքի դիմաց շարունակվող բողոքի ակցիաներին: Դիվանագիտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում, ափսոսանք հայտնելով Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, միաժամանակ կարծիք է հայտնում,թե «18 կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարը առանձին անձանց կողմից օգտագործվում է հակառուսական կրքեր բորբոքելու համար»: «Անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մարդկային ողբերգությունը քաղաքական նեղ նպատակներով օգտագործելուն և հայ-ռուսական հարաբերությունը խզելուն: Պատվերով քաղաքական գնահատականներն անթույլատրելի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նաև խոստանում է, որ «Պոդոլսկի ողբերգությունը բազմակողմ, մանրամասն, անկողմնակալ և առանց էմոցիաների հետաքննվելու է», միաժամանակ արձանագրելով, որ այն չունի ազգային երանգավորում:
Հիշեցնենք. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի համար մեղադրվում է բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը:
Մոսկվայի Տվերյան շրջանի դատարանը հուլիսի 15-ին վերջինիս նկատմամբ ձերբակալության որոշում էր կայացրել:Այս դատական նիստին Հրաչյա Հարությունյանը դատարան էր բերվել հիվանդանոցից, հիվանդանացային կանացի խալաթով և ռետինե հողաթափերով: Նրա նկատմամբ ռուսական մամուլում կողմնակալ վերաբերմունքից զատ նաև վիրավորանքներ էին հրապարակվել:
Հենց այս փաստերն էլ հարուցել էին հայասատանյան հասարակության վրդովմունքը: Ինչի կապակցությամբ մի շարք քաղաքական և հասարակական կառույցներ ու անհատ քաղաքացիներ հունիսի 16-17-ին բողոքի ակցիաներ էին անցկացրել ՀՀ-ում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության դիմաց:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների հետ դեսպանատան ներկայացուցիչներն այդ օրերին չեն հանդիպել, նրանց հնարավորություն չի տրվել նաև իրենց գրավոր բողոքը հանձնել դեսպանատուն: