Յուրաքանչյուր համակարգի բնորոշ է վերարտադրման ռեֆլեքսը: Սակայն, եթե պլյուրալիստական համակարգերում այդ ռեֆլեքսն ուղղված է դեմոկրատական ինստիտուտների շարունակական ամրապնդմանը, ենթահամակարգային զարգացմանը, օրիենտացիոն բաղադրիչի ամրապնդմանը, ապա փակ-հեգեմոնիստական համակարգերի համար վերարտադրությունը ենթադրում է իշխանության նվաճում, պահպանում և վերարտադրություն: Այսինքն՝ կոնկրետ դեպքում իշխանությունն ու համակարգն ասոցացվում են: Այս տիպի վերարտադրությունն իրականացվում է ոչ միայն կոնկրետ անձանց կամ ուժերի որպես հենակետ ծառայեցնելով, այլև՝ որոշներին զոհելով՝ հանուն համակարգի (կոնկրետ դեպքում՝ իշխանության) նկատմամբ հասարակության օրիենտացիոն բաղադրիչի կենսունակության կամ PR-ային լեգիտիմության ապահովման: Որպես կանոն, ընտրվում են իշխանության համար ամենաշատ բան արածի համարում ունեցող և հանրության համար «persona non grata» կերպարներ: Այդպիսին է Վարդան Ղուկասյանը, ում նկատմամբ, արդեն, ըստ մամուլի, քրեական գործ է հարուցվել: Սյունիքի նախկին մարզպետը, սակայն, վայելում է դեռ վակուումային լեգիտիմության «մեծահոգությունը»: Այստեղ է, որ մեծանում է ԶԼՄ-ների, որպես հասարակության քաղաքական համակարքի կարևորագույն ենթահամակարգի ֆունկցիան՝ ազդելու քաղաքական որոշումների կայացման վրա՝ հանրային կարծիքի և քաղաքական սոցիալիզացիայի որակի բարձրացմամբ: Միայն թե այդ ազդեցությունը պետք է լինի ավելի ուժեղ, քան իշխանության վերարտադրության մեխանիզմի գործառնականությունը: Բայց յուրաքանչյուր համակարգ, ինչպիսին էլ լինի, կենսունակության համար, ի վերջո, զոհում է հներին և աճեցնում նորերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել