
1in.am-ը գրում է.
ԱՄՆ բնակիչներին է պատկանում աշխարհում մասնավոր հրազենի մոտ կեսը՝ 270 մլն միավոր: Այս մասին ասվում է հետազոտող Մեթ Բենետի հոդվածում, որը հրապարակվել է այս շաբաթ՝ Վաշինգտոնի Բրուքինգի ինստիտուտի կողմից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հրազենն ԱՄՆ-ում ավելի լայն տարածում ունի, քան այլ երկրներում: 100 մարդուն բաժին է ընկնում 88 միավոր հրազեն: Երկրորդ տեղում Եմենն է, որտեղ 100 բնակչին բաժին է ընկնում 55 զենք:
Վերջին տարիներին ԱՄՆ բնակիչների կողմից զենք ձեռք բերելու տեմպը մեծացել է: Օբամայի նախագահության առաջին 4 տարիներին ամերիկացիները գնել են 65 մլն միավոր զենք: Դա կրկնակի ավելի է, քան Ջորջ Բուշի օրոք նույն ժամանակահատվածում:
ԱՄՆ-ում հրազենից տարեկան զոհվում է 31 հազար մարդ: Այդ ցուցանիշը ներառում է 11.4 հազար սպանության, 19 հազար ինքնասպանության դեպք և 600 դժբախտ պատահար: Հրազենից տարեկան վնասվածքներ է ստանում 80 հազար մարդ: