
«Առավոտ» օրաթերթը գրում է.
««Անկարան չի պատրաստվում Թուրքիայի տարածքից անգամ մեկ քար տալ ինչ-որ մեկին, ու ովքեր Թուրքիային տարածքային պահանջներ են ներկայացնում, արդյունքում նրանք են տուժում նման դիրքորոշումից»,– ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքերը, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է դրամական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվի հրաշքով պահպանված եկեղեցիներն ու եկեղեցուն պատկանած հողերը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա կորցրած հողերը։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։
«Նույնիսկ դրա վերաբերյալ միտքն աբսուրդ է։ Եթե մենք խաղաղ Կովկաս ենք ուզում, ապա ամեն երկիր պետք է իմանա իր սահմանները։ Հակառակ դեպքում կտուժեն նրանք, որոնք պահանջներ կունենան իրենց հարևաններից»,– ասել է Դավութօղլուն երեկ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»,–գրում է թերթը։