«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ քաղաքական էլիտան շարունակում է քննարկել աշնանը Վիլնյուսում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախաստորագրման թեման։ Ի՞նչ է այն ենթադրում։ Հայաստանցի ու եվրոպացի փորձագետների հետ զրույցում «Ժողովուրդ»–ը պարզեց, որ շուրջ 1500-էջանոց բավական վիճելի համաձայնագրի շուրջ վերջնական համաձայնության գալուց հետո կողմերը պետք է նախաստորագրեն փաստաթուղթը, որից հետո այն ներկայացվելու է ՀՀ ու ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների՝ առանձին-առանձին քննարկմանն ու հաստատմանը։
Այդ ընթացքում Հայաստանը պետք է սկսի «եվրոպականանալ»՝ համաձայնագրի դրույթների համաձայն բարեփոխումներ կատարելով։ Ընդ որում, բարեփոխումներն արվելու են գրեթե բոլոր ոլորտներում՝ և օրենսդրական դաշտում, և գործնական մակարդակով։ Եվ երբ ԵՄ-ն համարի, որ ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները, իսկ ԵՄ անդամ երկրների խորհրդարանները հաստատեն համաձայնագիրը, այն արդեն կստորագրվի և ուժի մեջ կմտնի։ Որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ գործընթացի մասին է խոսքը, նշենք, որ Ուկրաինան ԵՄ համաձայնագիրը նախաստորագրել է 2005-ին և միայն այս տարի պետք է ստորագրի այն։ Այնպես որ, Սերժ Սարգսանը դժվար թե հասցնի իրագործել իր ծրագիրը, եթե, իհարկե, չորոշի այս հարցում ևս առաջնորդվել իմիտացիոն գործելաոճով՝ժամանակ շահելու նպատակ հետապնդելով։ Ի վերջո, նա ամենից լավ գիտի հայկական մենթալիտետի նրբությունները»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: