Ո՞վ չի սիրում մածուն. երևի չկա այդպիսի մեկը: Իսկ ո՞վ է առաջին անգամ մածուն մերել, և ո՞վ չի վախեցել ու այդ մերածը կերել է: Որտեղի՞ց է գալիս մածունը, ո՞վ է առաջին անգամ այդ ուտելիքը անվանել մածուն: Անշուշտ, հետաքրքիր հարցեր են. փորձենք խորանալ: Տեսնենք, թե որն է մածուն բառի արմատը, բնիկ հայերե՞ն բառ է, թե՞ ոչ:
Առաջին իսկ հայացքից երևում է, որ մածուն բառի արմատն է մած-ը: Մած` «կպած, կից, իրար միացրած» արմատով բազմաթիվ բառեր կան հայերենում. մածուցիկ - «կպչուն հատկություն ունեցող և թանձր», մածվել - «կպչել, մակարդվել», մածուկ - «բջջանյութի լուծույթ, խմորանման զանգված, թանձրուկ», մածական, մածան - «կպչուն», մածիկ «ճեղքերը փակելու, արանքները լցնելու նյութ» և այլն: Այս շարքին է պատկանում նաև մածուն-ը: Մած արմատը հանդես է գալիս նաև բառավերջում. տախտակամած, այսինքն՝ «իրար կպած տախտակներ», փայտամած, թանձրամած «պինդ, անթափանց, թանձրորեն պատող», խավարամած, ծխամած և այլն:
Բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական մած արմատից, որը նշանակում է «շաղախել, խմոր շինել»: Այս արմատից բազմաթիվ լեզուներում առաջացել են իմաստով իրար մոտ շատ ու շատ բառեր: Օրինակ՝ ռուսերեն мазь, мазать, мажу, масло:
Մածուն բառով ունենք մի շարք դարձվածներ ու առածներ:
Մածնի աման լպստող ենք ասում ուրիշի մնացորդներով կերակրվողին՝ նկատի ունենալով, որ կատուն է լպստում ամանները:
Փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը. այսինքն՝ իմացած, փորձով արդեն հաստատված որևէ բան ավելի նախընտրելի է, քան ավելի լավ, բայց չիմացած, չփորձած բանը:
Մածնին սև ասել. մեկի ասածը հաստատել՝ նույնիսկ բացահայտ սխալ կամ անիրավացի լինելը գիտենալով:
Մածուն բառը մեզնից փոխառել են հույները, վրացիները՝ մածոնի, թուրքերը՝ մազուն: Վերջիններս ունեն նաև յոգուրտ, որը նույնպես «մածուն» է նշանակում և այժմ լայն գործածում ունի: 
«Շատ հավանական է, որ մածուն բառի հետ ուրիշ ազգերը փոխառել են նաև մածուն պատրաստելու եղանակը», – գրում է Հր. Աճառյանը: Այդ բանը տեղի է ունեցել նաև վերջերս: Ռուսները, Կովկասում ծանոթանալով մածնին, վրացիներից փոխառել են մացոնի բառը, որն, ինչպես տեսանք, վրացիները մեզանից էին վերցրել, իսկ Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով) անմիջապես հայերից փոխառել են մածուն բառը (мацун):
«Կեսարացի մի հայ բժիշկ (դ-ր Տատրյան), վերջերս մածունը փոխադրելով ԱՄՆ, պատճառ եղավ անգլերեն մազոոն (մածուն) և մազոլ (յուղով խառնված մածուն՝ թուլակազմ մարդկանց սննդի համար) բառերի փոխառության», - գրում է Հր. Աճառյանը դեռևս 1898 թվականին:
Ինչպես տեսնում ենք, մեր բառը շրջում է աշխարհով մեկ ու նոր կերպարանք առած հետ վերադառնում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել