1in.am-ը գրում է.

Հայկական և ռուսական համացանցը շարունակում է ակտիվորեն քննարկել օրերս Նոր Մոսկվայում կատարված ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարը: Բեռնատարը բախվել էր մարդատար ավտոբուսին, գրեթե կիսել այն՝ սպանելով 18 և վիրավորելով ավելի քան 6 տասնյակ մարդու: Ողբերգական էր նաև այն, որ վարորդը՝ Հրաչյա Հարությունյանը, մեկնել էր արտագնա աշխատանքի՝ վաստակելու իր որդու շիրմաքարի գումարը։ Վթարի ենթարկվելով՝ Հրաչյա Հարությունյանն ընկնում է հիվանդանոց, ապա տեղափոխվում դատարան ծաղկավոր, կնոջ խալաթով, ի դեպ՝ շոկային վիճակում: 


«Առաջին լրատվական»-ը ստորացուցիչ իրադարձության շուրջ զրուցեց ռուսաստանցի իրավապաշտպանի հետ: Մեզ հետ զրույցում, գնահատելով տեղի ունեցածը, ՌԴ «Հանրային դատավճիռ» ռուսական ֆոնդի մամլո քարտուղար Օլեգ Նովիկովն ասաց, որ դա մեկ գնահատական ունի, երկու մեկնաբանություն լինել պարզապես չի կարող՝ դատարանում տեղի ունեցածն ազատազրկվածների իրավունքների ուղիղ խախտում է: Նա նշեց, որ չի կարող հաստատ ասել՝ դա կանխամտածված է կազմակերպվել, թե՝ ոչ, բայց, նրա որակմամբ, միանշանակ ապուշություն է, երբ հիվանդանոցի աշխատակիցները փորձում են պարզաբանել, որ այլ հագուստ չկար: Նրա խոսքերով՝ հիվանդանոցներում տղամարդկանց գիշերազգեստ են տրամադրում, իսկ կանանց՝ խալաթ:

«Եթե ինչ-որ տարօրինակ պատճառներով այդ հիվանդանոցում չկար հագուստ այն մարդու համար, ով ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կորցրել էր հագուստը, ապա նրան չպետք է տեղափոխեին դատարանի դահլիճ, պետք է գտնեին նորմալ հագուստ, որը չէր ստորացնի նրա արժանապատվությունը, և տանեին դատարան, որի արդյունքում խնդիրներ չէին լինի: Իր ֆիզիկական վիճակի մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց կնոջ հագուստն իսկապես խախտում է բոլոր նորմերը, իսկ հետո, երբ նա ճանաչվի մեղավոր, նրա վրա երկակի պիտակ կլինի, ստորացում դատարանում։ Լրատվամիջոցները ցուցադրեցին, դրան գումարած կարող են առաջանալ լուրջ խնդիրներ ազատազրկման վայրում: Բանտային օրենքներով (ոչ պաշտոնական) կարող ենք նույնիսկ ենթադրել, որ նա ավտոմատ կերպով կուղարկվի այնպիսի բանտախուց, որտեղ պահվում են ամենաստորացվող դատապարտյալները: Չեմ ցանկանում շատ մանրամասներ անել, Դուք հասկացաք՝ ինչ եմ ասում»,- մեկնաբանեց Օլեգ Նովիկովը: Ուստի, նրա կարծիքով, պետք է բացահայտվի իրականությունը` այս սցենարից խուսափելու համար: 

Ինչո՞վ են պայմանավորված հակահայկական տրամադրությունները Մոսկվայում. այս հարցին նա պատասխանեց, որ առաջիկայում Մոսկվայում ընտրություններ են, փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել՝ թշնամի ընտրելով: 

«Տեղի է ունեցել սարսափելի ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահար, առաջին հերթին վարորդի պատկանելության մասին են նշում։ Բայց ուղեղով մարդիկ, որոնք շատ են ՌԴ-ում, այդպես չեն ընկալում այս ամենը: Սարսափելի ողբերգություն է, և այսօր հայտնի է, որ տեխնիկապես լավ վիճակում չի եղել մեքենան, մեծ խախտումները հենց այն ընկերությունն է թույլ տվել, որը Հրաչյա Հարությունյանին վարձակալել է որպես վարորդ: Այս պահին նույնիսկ մեղավորության մասին միանշանակ խոսել չի կարելի։ Եթե մեքենայի անսարքությունը հաստատվի, նա պետք է ազատ արձակվի»,- ասաց Նովիկովը:

Անդրադառնալով Հրաչյա Հարությունյանին հայրենիք վերադարձնելու հայաստանյան հասարակության պահանջներին՝ նա ասաց. «Եթե Հայաստանի ու Ռուսաստանի միջև կան համապատասխան համաձայնագրեր ազատազրկվածներին հետ ուղարկելու վերաբերյալ, ապա պետք է դա այս դեպքում կիրառվի, այլապես մեղավոր ճանաչվելու պարագայում Հրաչյա Հարությունյանն իր պատիժը կկրի ՌԴ-ում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել