1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը հուլիսի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացրել է «Խնդրահարույց գործընկեր․աճող ավտորիտարությունն Ադրբեջանում» խորագրով լսումներ:
 «Ամերիկայի Ձայն»-ը հաղորդում է, որ Կոնգրեսում անցկացված լսումների կենտրոնում են եղել Ադրբեջանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում տիրող իրավիճակը:
 Լսումների ընթացքում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, արձագանքելով Ամերիկայի հայկական համագումարի կողմից ներկայացված հայտարարության, մասնավորապես ասել է. «Ինձ իրականանում որոշ չափով զարմացրել է Ամերիկայի հայկական հանձնաժողովի մեր գործընկերների կողմից կատարված տարօրինակ քայլը, որոնք որոշել են այստեղ ներկայացնել իրենց հայտարարությունը: Նախ և առաջ, ես կարծում էի, թե այս քննարկումը վերաբերում է Ադրբեջանին, երկրորդը, հուսով եմ՝ ես հայտարարությունը չեմ տեսել, որ դրանում քննարկվում է երեք շատ կարևոր հարց. հուսով եմ, որ դրանում անդրադարձ է կատարվում այն փաստին, որ Հայաստանի կառավարությունն այսօր կոպտորեն խախտում է ադրբեջանցի տեղահանված անձանց իրավունքները, հուսով եմ, որ նրանք ներկայացրել են այն, քանի որ Հայաստանում ընտրությունների ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ և այնտեղ նշում է այն հանգամանքը, որ ընտրություններից առաջ նախագահի թեկնածուների ուղղությամբ կրակ է բացվում. հուսով եմ, մեր հայ բարեկամները նշել են այս մասին իրենց հայտարարության մեջ, և հուսով եմ, որ նրանք մտահոգություն են արտահայտել իրենց կառավարության կողմից Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան, տիկին Աուրելիա Գրիգորիուին ցուցաբերված վերաբերմունքով, որը առևանգվել և պատանդ է պահվել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի կառավարության կողմից: Այսպիսով հուսով եմ, որ եթե այս խնդիրներն ուրվագծված են այս հայտարարության մեջ, ապա այն ողջունելի է: Եթե այն միտված է Ադրբեջանին քննադատելուն, ապա ես հարցականի տակ եմ դնում այս իրադարձության անկողմնակալությունը», - ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը:
 Լսումներին քննարկվել են Ադրբեջանի լեգիտիմությունը որպես ժողովրդավարական պետություն և որպես այդպիսին դրա գործելու ունակությունը նախագահական գալիք ընտրությունների համատեքստում:
 Քննարկումների ընթացքում թեժ բանավեճ է ծավալվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նախագահական երրորդ ժամկետի համար իր թեկնածությունը դնելու շուրջ, քանի որ մինչև Ալիևի նախագահության ընթացքում կատարված փոփոխությունները, այդ երկրի սահմանադրությամբ նախագահի պաշտոնավարությունը սահմանափակված է եղել երկու ժամկետով:
 ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացված լսումների ընթացքում քննարկվել է նաև Ալիևի մրցակից, նախագահի պաշտոնի հավակնորդ Ռուստամ Իբրագիմբեկովի հարցը, որի ունեցած Ռուսաստանի քաղաքացիությունն առաջացրել է լսումների մասնակիցների մտահոգությունը:
 Լսումների ընթացքում, բացի այդ, քննարկվել է այն խնդիրը, թե արդյոք Ադրբեջանը ունակ է գոյատևելու որպես ժողովրդավարական երկի, և մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ երկրում առկա է բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը:
 ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի կողմից անցկացված լսումներին մասնակցել են ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի գծով տեղակալը, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ»-ի Ռուսաստանի և Եվրասիայի գծով տնօրեն Միրիամ Լանսկոյը, Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներ և «Հանրապետական այլընտրանք» շարժման ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել