
ժողովուրդ ջան, երկու օր ա ուշիուշով հետևում եմ համացանցում ու ոչ միայն համացանցում հնչող արձագանքներին՝ կապված Հրաչյա Հարությունյանի հետ: Նշեմ նաև, որ ներկա եմ եղել երեկ ու այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներին անձամբ ու այս երկու օրվա կարդացածս, տեսածս ու լսածս վերլուծելով ուզում եմ մի քանի դիտարկումներովս կիսվել:
Ֆեյսբուքում հարայ-հուրույ անողները, ինչպես և կարելի էր ակնկալել, մեծամասամբ գերադասում են այդ հարայ-հուրույը Ֆեյսբուքից դուրս չհանել ու կոնկրետ այս երկու ակցիաներին եթե ֆեյսբուքյան հայտարարությունների տակ պատրաստակամություն էր հայտնել մասնակցելու մի քանի հարյուր մարդ, ապա փաստացի այնպես եղավ, որ փողոց դուրս եկավ մի քանի տասնյակ մարդ թե երեկ, թե այսօր:
Հարկ եմ համարում նշել նաև, որ ի հեճուկս Ֆեյսբուքում բուռն ռուսոֆոբական գաղափարներ տարածող օգտատերերի, իրական ակցիաների ժամանակ ըստ էության չի բարձրաձայնվել ոչ մի ռուսատյաց թեզ, չի հնչեցվել ոչ մի հակառուսական պահանջ. մարդիկ պայքարում էին կոնկրետ բանի համար ու խոսում էին ըստ էության.
- Մարդավայել վերաբերմունք՝ մեր քաղաքացու նկատմամբ:
- Արդար ու անաչառ դատավարություն:
- Հայատյացության մթնոլորտի վերացումը ռուսական մեդիա դաշտից:
Ինչպես ինքներս կարող ենք համոզվել, ահագին առաջընթաց կա այս երեք կետերով էլ, ու թեև ես դժվարանում եմ ասել, թե կոնկրետ Հայաստանից հնչած արձագանքը ինչքան դերակատարություն է ունեցել տվյալ հարցում, մի բանում վստահ եմ, որ պետք է հավատարիմ մնալ այս տեսալականին ու առավել ևս չի կարելի տրվել էմոցիաների և ռուսատյաց ու հակառուսական հռետորաբանությամբ զբաղվել:
Այո, ռուսական պատկան ու ոչ այնքան պատկան մարմինները ստորություն են դրսևորել Հարությունյանի ու առհասարակ մեր ազգի հանդեպ, այո՛, դա հենց ստորություն էր, բայց եկեք հաշվի առնենք, որ նման մակարդակում ոչ մի բան պատահական չի լինում, և վստահաբար կան մարդիկ, ովքեր ակնկալում էին հայաստանյան հասարակության ռուսոֆոբական արձագանք կամ ռուսոֆոբական տրամադրությունների կատալիզացում, ուստի կարծում եմ մանկամտություն կլինի բավարարել նման մարդկանց ակնկալիքները:
Պետք է շարունակել մնալ կառուցողական տրամաբանության մեջ, իսկ եթե տեսնում եք, որ Ձեր կողքինը էլի սկսել է 90-ականների սկզբին հատուկ լոլոները, պարզապես փակեք ձեր ականջները, կամ էդ լոլոներն արտաբերողի բերանը:
Անկախ ամեն ինչից, գոնե իմ ընկալման մեջ, Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ մեր ռազմավարական դաշնակիցը, իսկ ռուսները՝ եղբայրական ժողովուրդ՝ անկախ այն հանգամանքից, որ այնտեղի տականքները պահի տակ կարողանում են համը հանել: