Ազատության հրապարակը պարտադրում է ոչ միայն ազատություն, այլև արդարադատություն. Զ.ՓոստանջյանEmedia.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել 2013թ.–ի մարտի 14–ի և 2013թ.–ի հուլիսի 16–ի ՍԴ որոշումների վերաբերյալ։ «2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ևս մեկ անգամ փաստեց իր մեղսակցությունը եռապետերի կողմից հայ ժողովրդի իշխանությունը գողությամբ, կողոպուտով և ավազակությամբ հափշտակելու հանցագործության մեջ` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի կողմից 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար օրենքով սահմանված 100.000.000. դրամ գումարի եռակի գերազանցումը չի խախտում ՀՀ Սահմանադրությունը: Հայ հասարակությունը իր 20-ամյա նորանկախ պետության ձախողման համար պատասխանատվության կանչելու մեղավոր անձանց: Անշուշտ, գլխավոր մեղավորները երեք նախագահություններն են, սակայն ես այսօր պետք է անդրադառնամ հայ ժողովրդի նորագույն պատմության աղետի գլխավոր մեղսակիցներից ևս մեկին` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: Նրա անմիջական կատարմամբ և հովանու ներքո 1996 թվականից առայսօր «սահմանադրական արդարադատության» անվան տակ պարտակվել է հայ ժողովրդի դեմ գործված մեծագույն հանցագործությունը` • Հայաստանի Հանրապետության մեկ ու կես միլիոն քաղաքացու և նրանցից օտար երկրներում ծնված հարյուր հազարավոր հայ երեխաների հայրենազրկումը: • միլիոնավոր հայերի` դեպի Հայրենիք ազգահավաքի գաղափարը կյանքի կոչելու հավատազրկումը: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներով արդարադատության իրականացման մերժումը ոչ միայն լրջագույն սպառնալիք է այս պահին մեր երկրում ապրելու իրավունքին, այլ նաև փորձ է հավատազրկել աշխարհասփյուռ հայերին իրենց հայրենիքում համախմբվելու և ապրելու կարևորագույն առաքելությունից: Հանցագործներին հովանավորելու բազմամյա փորձ ունեցող Գագիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե որևէ երկրի Սահմանադրական դատարան երբևէ անվավեր չի ճանաչել ընտրությունների արդյունքները, ոչ միայն ծաղր է իրավունքի գերակայության նկատմամբ, այլ նաև ուղղակի ապտակ մեր արժանապատվությանը: Համանման կերպով էին նաև «հիմնավորում» Օսմանյան կայսրությունում ցեղասպան եռապետերը հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը շղարշելու իրենց ցանկույունը` առաջին համաշխարհային պատերազմում հայերին անվտանգ տարածքներ տեղափոխելու գործողությունը… Հիշեցում Գագիկ Հարությունյանին և իր մեղսակիցներին. 2013 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Չորրորդ Հանրապետության նախագահ ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ազատության հրապարակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մենք երդվեցինք`… Մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով և չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար և մենք հաղթելու ենք: Հաղթանակ ենք արձանագրելու բոլոր ճակատներում: Երդվեցինք, որ Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, Սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական Հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերը և հայաստանցիները, որտեղ կա իրավունք, կա աշխատանք, որտեղ կա ապագա, կա ընտրված նախագահ, արդար իշխանություն, երջանիկ ժողովուրդ…: Ազատության հրապարակը պարտադրում է ոչ միայն ազատություն, այլ նաև արդարադատություն: Ձեր և Ձեր հանցակիցների նկատմամբ անխուսափելի է արդարադատության իրագործումը Ազատության հրապարակում` ժողովրդի իրավազորությամբ: Սպասեք այդ օրվան»: Զարուհի Փոստանջյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել