1in.am-ը գրում է.

«Քրջի բազար»-ի առևտրականներն անորոշ վիճակում են, չգիտեն՝ ուր գնալ: Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքում «քրջի բազար»-ի վաճառականներից մի քանիսն էին միայն մնացել, նրանց խոսքով՝ ամեն մեկը մի ուղղությամբ է գնում, չգիտեն՝ ինչ է լինելու: 

«Վերնիսաժում շաբաթ կիրակի օրերին են թողնում, մեկ մետրը՝ երկու հարյուր դրամ: Ես էլ գնացի, ինձ չընդունեցին՝ սուրճ եմ ծախում, հանկարծ կխփեմ նրանց գործին: Հիսուն դրամով սուրճ պիտի ծախենք, ընտանիք պահենք»,- ասաց վաճառականներից մեկը:

Առևտրականներն ուրիշ տեղ չեն ուզում, նրանց տեղեկացմամբ՝ գնորդներ էլ չկան, քանի որ չգիտեն՝ որտեղ են «քրջի բազար»-ի վաճառականները: 

«Ուզում ենք էստեղ լինել, լավ է, նորմալ է, էլի մի-երկու կոպեկ առնում ենք, բայց այնտեղ կիրթ մարդիկ, ոնց են ասում՝ արվեստագետներն ասում են, որ մենք խանգարում ենք իրենց, իջնում են, չեն թողնում: Ցանկանում ենք անձնակազմով գալ մեր հին տեղը, բայց մեզ չեն թողնում»,- ասաց «քրջի բազար»-ի վաճառական կանանցից մեկը:

Մեկ այլ վաճառական վաճառում է երկաթեղեն, հին կոշիկներ, տան թավաներից ու կաթսաներից: Նույն տեղում է մնում: 

«Եթե լավ տեղ տան՝ փող պիտի տանք, փող վճարելու ենթակա չենք, մի երկու-երեք ապրանք ունեմ, սա է: Սրանով հացի փող եմ առնում, վայ էն առնելուն, վայ էն ապրելուն: Թոշակառու էլ չեմ՝ թոշակ առնեմ, թոշակին էլ փող չեն տալիս: Ես ոչ մի բանի չեմ հավատում, 63 տարեկան եմ, լավ բան չեմ տեսել, որ բանվորին ղեկավարությունն օգնի: Իրենք մենակ ասում են՝ գնա, է, ո՞ւր գնա խեղճ ժողովուրդը: Ստեղից բացի՝ տեղ չունենք: Վերնիսաժում մեկ մետրը 200 դրամ է, երկու մետրը՝ 400 դրամ, երկաթ էլ չեն թողում: Ուղարկել են Վերնիսաժ, շատերը փախնում են, քանի որ փող չեն կարողանում աշխատել, քրջով, շորով փող չեն կարողանում աշխատել»,- մտահոգվեց 63-ամյա տղամարդը: 

«Էն անտեր շների նման թափառական ենք դարձել: Մյուսները չեն եկել, որովհետև չգիտեն ուր գնալ, անորոշ վիճակում են: Պետք է որ այստեղ լինեն՝ երկաթեղենն այն ծայրում է, շորեղենն՝ այստեղ: Չգիտեմ՝ ինչ է լինելու. մեկն ասում է ՝ Վերնիսաժ, մյուսն ասում է՝ էստեղ»,- ասաց «քրջի բազար»-ի սուրճ վաճառողը և ավելացրեց՝ մեր փրկությունը Սովետաշենի գերեզմանոցն է: 

Իսկ վերջում վաճառողները միաբերան խնդրեցին, որ քաղաքապետը հաշվի առնի իրենց, մի քիչ մաքրել տա տարածքը, իրենք տեղավորվեն, մի-երկու կոպեկ վաստակեն, ապրեն: 

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշել է «քրջի բազար»-ի վաճառականներին տեղ հատկացնել նույն տարածքում, բայց փողոցի դիմացի մայթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել