Տղամարդն ու կինն ամուսնանում են կամ պարզապես սկսում են ապրել միասին, նույն հարկի տակ: Վերջապես կարելի է ամեն ինչ անել միասին՝ արթնանալ, պատրաստվել աշխատանքի գնալուն, ընթրիք պատրաստել, շանը տանել դուրս, կարդալ, ակտիվ կենսակերպ վարել կամ հանգստյան օրերին պարզապես թավալվել անկողնում: Բայց իրականում պարզվում է, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Ժամանակ առ ժամանակ ուզում ես միայնակ թեյ խմել, տնային գործերով զբաղվել կամ պարզապես նայել անձրևին՝ առանց ջերմորեն սիրելի երկրորդ կեսիդ:
Որոշ մարդկանց այդ նոր դասավորությունը վախեցնում է. մի՞թե սերն անցավ, մի՞թե կենցաղը սկսում է սպանել զգացմունքները, մի՞թե ամուսնությունն ինքնին սխալ է:
Իրականում սերը սեփական անհատականության կորստի գնով այլ մարդու անձի մեջ լիովին տարրալուծվելը չէ: Եվ ահա հենց ամուսինների միջև եղած առողջ զգացմունքներն էլ ենթադրում են ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար իր ժամանակի ու տեղի առկայություն:
Շատ նորմալ է, երբ երբեմն ուզում ես ինքդ քեզ հետ միայնակ մնալ, կարդալ կամ խաղալ սիրելի համակարգչային խաղը: Ընկերներիդ էլ երբեմն ուզում ես հանդիպել՝ առանց ամուսնուդ ուղեկցության, ինչպես նաև՝ այգի գնալ զբոսնելու կամ ծով՝ հանգստանալու: Այսպիսի ցանկությունները վկայում են այն մասին, որ ձեր առաջ լիարժեք, կայացած անհատ է, այլ ոչ ամուսնու կամ կնոջ ներդիր: Դա բնությունն է թելադրում: Ցանկացած կենդանի ունի իր անհատական տարածքը, որն ուրիշների համար անմատչելի է, և ով կհանդգնի ոտնձգություն կատարել այդ տարածքի նկատմամբ, անխուսափելիորեն կպատժվի:
Մինչև 15 սմ-ի հասնող, այսպես կոչված, ինտիմ տարածքը պետք է մնա առավելագույնս անձեռնմխելի: Դրա խախտումը մարդու մոտ նյարդային վիճակ ու ագրեսիա է առաջացնում:
Սակայն, բացի այդ անհատական դաշտից, գոյություն ունի նաև անձնական հոգեկան և ֆիզիկական տարածք: Հարմարավետության զգացողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով են այդ 2 գոտիները պաշտպանված այլոց ոտնձգություններից: Այնպես որ, ինքդ քեզ հետ միայնակ մնալու՝ ժամանակ առ ժամանակ ծնվող ցանկությունը բացարձակ բնական ցանկություն է: Գոյություն ունեն նաև մի շարք վայրեր և սովորություններ, որոնք մարդու կողմից գնահատվում են որպես անձնական տարածքի մաս: Ինչ-որ մեկը սիրում է նստել բազմոցի աջ անկյունում կամ ձախ բազմոցին, բաժակը դնել փոքրիկ պահարանի անկյունում կամ նոթատետրը դնել պատուհանագոգին:
Տարածքները դիպուկ են ընտրված, սա իրենից ներկայացնում է դեպի ստաբիլություն ենթագիտակցական մղում, պաշտպանվածություն, ներքին հավասարակշռություն: Հոգեբանները նշում են, որ ժամանակակից մարդն ավելի հակված է այդ տարածքներն ունենալուն: Առաջ մարդիկ ավելի կայուն իրավիճակում էին ապրում, այնքան էլ ինֆորմացված չէին, և անհամեմատ ավելի հեշտ էր ապրելը: Իսկ այժմ լեփ-լեցուն տրանսպորտով ամենօրյա երթևեկությունը, ինֆորմացիոն հոսքերը և կենսակերպի փոփոխությունը մարդուն ստիպում են կառչել սովորություններից ու վայրերից, որպեսզի կայունության և խաղաղ կյանքի զգացումը չխախտի հոգեկան հավասարակշռությունը: Այդ հավասարակշռության խախտումը հոգեկան աշխարհի համար ահազանգ է, իսկ մարդը սովորություն ունի ահազանգին պատասխանելու մեծ մասամբ ագրեսիվ կերպով, պաշտպանվելով: Եվ այստեղ ոչ մի պատճառ, ավանդույթ կամ տրամաբանություն չի գործում: Բնազդն ավելի ուժեղ է գործում:
Այնպես որ, պետք չէ զարմանալ նրանից, որ ձեր սիրելին ամեն կերպ պաշտպանում է պահարանի իր անկյունը կամ սեղանի մոտ իր տեղը: Սա սոսկ անձնական տարածքը պահպանելուն մղված ձգտում է:
Պետք չէ սրա դեմ պայքարել կամ պատահականորեն օգտվել մտերիմ մարդու ափսեից կամ գրիչից, այլապես նա սա որպես մարտահրավեր կդիտի և կպայքարի իր սահմանների անձեռնմխելիության համար: Ընդունեք այն հանգամանքը, որ ամեն բան չէ, որ պետք է ընդհանուր լինի ձեզ համար, թեկուզև դուք աշխարհի ամենամտերիմ մարդիկ եք միմյանց համար:
Դուք երկրորդ կես եք, և դա ենթադրում է, որ հենց դուք պետք է ամենաշատը հարգեք ու ձեր կեսի մեջ գնահատեք նրա անհատականությունն ու անկախության դրսևորումը, որոնք ձեզ երկուսիդ էլ միասին երջանիկ լինելու հնարավորություն են տալիս: Այլ բան է, երբ ձեզ փորձում են կտրել ձեր սովորություններից, պարտադրում են մոռանալ դրանք կամ վերակազմակերպվել: Պետք է զրուցել, բացատրել դիմացինին, թե որքան կարևոր է ձեզ համար, ասենք, սանրը տվյալ տեղում դնելը կամ պահարանի մեջ իրերն այդ կարգով դասավորելը: Հանգիստ բացատրեք, որ ձեր լավ տրամադրությունը մեծապես կախված է նրանից, թե որքան է ձեր սովորական վարքը քննադատվում կամ ոչ: Եթե մարդն իր փաստարկներն է ներկայացնում քննարկվող հարցի շուրջ, փորձեք գտնել կոմպրոմիսային որոշում: Եթե ձեր կնոջը կամ ամուսնուն շատ պետք է, որ տանն ամեն ինչ իր տեղում լինի, ապա գրապահարանի վրա կարելի է դնել, ենթադրենք, փոքր դեկորատիվ հարմարանք՝ սանրը վրան դնելու համար:
Այն միաժամանակ և՛ կզարդարի գրապահարանը, և՛ ամեն ինչ կարգին կլինի ու իրեն սովոր տեղում: Սանրի օրինակն այն բազմաթիվ տարբերակներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչպես ամուսինները կարող են միմյանց ընդառաջ գնալ:
Ամուսիններից յուրաքանչյուրն ունի որոշակի սովորություններ, որոնք հանդիսանում են նաև այդ մարդու բարեկեցության ու հարմարավետության անբաժանելի մասը: Իհարկե, ամուսնության մեջ երբեմն հարկ է լինում խմբագրել անձնական տարածք ասվածը, կոմպրոմիսի գնալ, սակայն ամբողջությամբ ինքդ քեզնից հրաժարվել կամ պահանջել, որ ինչ-որ մեկն իրեն զոհի ուրիշի հարմարավետության համար, բոլորովին էլ ճիշտ չէ ու լավ չէ: Լինում է այնպես, որ անձնական տարածքի անվան տակ ենթադրվում է իրավունքների և ազատությունների չարամիտ խախտում: Ամեն չնչին առիթով գոռգոռացող ամուսնու կամ հիստերիայի մեջ ընկնող կնոջ վարքագիծը խոսում է այն մասին, որ ձեր կողքին կամ այնքան էլ ադեկվատ մարդ չէ, կամ ձեր հարաբերություններում ճգնաժամ է նկատվում: Նման դեպքերում անհրաժեշտ է աշխատել մասնագետի հետ կամ ընդունել ավելի կտրուկ ու ծայրահեղ որոշումներ, ընդհուպ միմյանցից հեռանալը: Եվ վերջում նշենք, որ, եթե ամուսիններն ունեն բավարար անձնական տարածք և ժամանակ իրենց համար, ապա տան մթնոլորտն ավելի հանգիստ ու ուրախ է: Յուրաքանչյուր այդպիսի միայնությունից ու առանձնանալուց հետո ամուսիններն իրենց ավելի նորացված են զգում, նրանց հարաբերություններում թարմություն է նկատվում, քանի որ, քանի դեռ միայնակ էին, հասցրել են կարոտել միմյանց: Ընտանիքում երկուսն էլ պետք է հարգեն միմյանց՝ անհատական ժամանակ ու տարածք ունելու իրավունքը: