1in.am-ը գրում է.

Ամառային թեժ հանգստի շրջանի մոտենալուն զուգահեռ՝ հարկավոր է առավել մեծ զգոնություն հանդես բերել հանգստավայրերում, քանի որ հաճախ ծանոթություններն ավարտվում են սեռական հարաբերությամբ, ինչն էլ իր հերթին մեծացնում է սեռավարակներով վարակվելու հավանականությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանը՝ խոսելով հանգստավայրերում պատահական սեռական կապերի ու դրանց պաշտպանվելու եղանակների մասին:

«Ամառային թեթևամիտ վերաբերմունքը աշնանը տալիս է իր ծիլերը, քանի որ այդ ժամանակ նվազում է մարդկանց իմունիտետը»,- նշեց Վ. Շահրամանյանը: Նա խորհուրդ տվեց հանգստավայրերում հնարավորինս խուսափել պատահական սեռական կապերից կամ գոնե աշխատել չկորցնել զգոնությունը և օգտվել կանանց ու տղամարդկանց պահպանակներից՝ հետագայում բարդությունների առաջ չկանգնելու համար: 

Լ. Կուջոյանն իր հերթին հավելեց, որ ծովային հանգիստ նախընտրողները պետք է մի բան հասկանան, որ ջրային միջավայրը նպաստավոր է տարատեսակ սեռավարակների տարածման համար: 

Սեռավարակների բազմացմանը, ըստ բժիշկների, նպաստում են նաև խոնավ սրբիչները, թաց լողազգեստները: Բժիշկներն իրենց խոսքում կարևորեցին հանգստի մեկնելիս լողավազանների մաքրությանը ուշադրություն դարձնելու փաստը, անձնական հիգիենային հետևելը: Մանկաբարձ-գինեկոլոգը հանգստացողներին խորհուրդ տվեց ծովից դուրս գալուց հետո առնվազն մեկ ժամվա ընթացքում հանել թաց լողազգեստը, ցնցուղ ընդունել ու փոխել թաց սրբիչը: «Հանգստացողներն ասում են՝ դե լավ, արդեն չորացել է լողազգեստս»,- ասաց Վ. Շահրամանյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով նման մտածողության վտանգավորությունն ու հետևանքները: 

Լ. Կուջոյանն իր խոսքում շեշտեց, որ սեռավարակները ըստ էության ջրից չեն առաջանում, այլ ջուրը փոխանցում է այդ սեռավարակները, այսինքն՝ ջուրը շատ լավ միջոց է դրանց փոխանցման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել