Մայիսի 24-ին Մեդիա կենտրոնում IWPR կողմից կազմակերպվել էր քննարկում` ծննդօգնության տեղայնացման որոշման վերաբերյալ, որի ընթացքում համաձայնություն էր ձերքբերվել, որ բոլոր զեկուցողներով մեկնելու ենք մարզեր` ուսումնասիրելու տեղական ծննդատների վիճակները: Խնդիրն այն է, որ ես դեմ եմ ծննդօգնության տեղայնացմանը և հղի կնոջ սեփական ընտրությանը որևե կերպ միջամտելուն այն հարցում, թե որ ծննդատանն ունենա իր բալիկին: Դա համարում եմ ծննդատների որակյալ ծառայություններ մատուցել ձգտման մրցակցության միջամտություն:
Հուլիսի 16-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից կազմակերպվեց պայմանվորված այց, որին ես կարողացա միանալ` այցելելով Արտաշատի, Արարատի և Վայքի ծննդատները: Զգացմունքներս և տեսածս իսկապես հակասական էին այդ երեք քաղաքներում տիրող իրավիճակի վերաբերյալ, բայց մի բանում ավելի համոզվեցի` տեղայնացումը չի լուծելու որև իրական խնդիր, և դա իսկապես արհեստական միջամտություն է և ըստ իս` սխալ:
Փորձեմ համեմատական ոճի մեջ ներկայացնել տեսածս:
Տեխնիկական հագեցվածության իմաստով Արտաշատի ծննդատունը տանելի էր, բայց գույքի լուրջ կարիք ուներ` անկողին, սառնարան ու էլ չեմ ասում հեռուստացույցի մասին: Զարմանալի է, որ Արարատի մարզային կենտրոնն այդպես էլ չի կարողանում գտնել որև բարերար կամ ներդրող, որ լուծի այդ հարցը: Ես իմ կողմից պարտականություն եմ ստանձնել` լինեմ կապի մեջ և փորձեմ բարձրաձայնել առնվազն տեխնիկական հագեցվածության խնդիրները:
Վայքի ծննդատունը, ի տարբերություն Արտաշատի` ուներ ավելի բարվոք գույքային պայմաններ, սակայն տեխնիկական զինվածության իմաստով փոքր ինչ զիջում էր: Անձնակազմի իմաստով երևի նույնն են, և վստահ եմ, որ սրտացավ ու նվիրված են:
Իսկ այն, ինչ տեսա Արարատի բժշկական կենտրոնում, իսկապես անսպասելի էր և ուրախալի: 2010թ. այն վերակառուցվել է Համաշխարհային բանկի կողմից և հագեցվել է նորագույն սարքավորումներով: Վստահ եմ, որ կարող են և մրցում են Երևանի ցանկացած բժշկական կենտրոնի հետ: Ուղղակի իսկապես տրամադրություն է բարձրանում, երբ տեսնում ես, որ այդպիսի կենտրոններ կան նաև մարզերում: Բայց լավագույն տպավորությունը թողեց կենտրոնի տնօրենը` իրական կազմակերպիչ առողջապահության ծառայություների մատուցման հարցում, ով հասկանում է, որ պետք է չվախենալով մրցակցությունից, կազմակերպել աշխատանքն այնպես, որ տեղական բնակչություն մտքովն անգամ չանցնի գնալ այլ տեղ իրենց առողջական խնդիրները լուծելու համար:
Դրա լավագույն ապացույցն այն էր, որ Արարատի ծննդատան բոլոր պալատներում բացի բարձրակարգ կահույքից, սառնարանից, հեռուստացույցից և արտակարգ միջավայրից (ասեմ նաև, որ պալատներն անվճար են, ի տարբերություն երևանյան ծննդատների լյուքս պալատներից) կար 5 նորածին երեխա, մի կին էլ դեռ ծնարանում էր: Ցավոք Արտաշատում և Վայքում այդպես չէր:
Չեմ հավատում, որ այն խնդիրները, որոնք այսօր կան մարզերում, կարող են երբևէ լուծվել` ծննդօգնության տեղայնացման արհեստական միջամության ճանապարհով: Որպես այլընտրանք կառաջարկեմ, որ առողջապահության կազմակերպման մենեջերներ պատրաստվեն, ովքեր կփորձեն կազմակերպել մարզերում բժշկական կենտրոնները` օրինակ վերցնելով Արարատից: Պետք է նոր մոտեցումեր մշակել, որ կանայք ծննդատուն գնալիս ոչ թե պատկերացնեն, որ հիվանդանոց են գնում, այլ որ գնում են բալիկ ունենալու և այդ օրը դառնա նրանց կյանքի ամենաերջանկիկ օրերից մեկը: Իսկ դա կազմակերպելը բոլորիս գործն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10152088078913378?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել