Հրանտ Բագրատյան. «Ռուսաստանը վաճառել է և պետք է վաճառի»Aravot.am-ը գրում է.

Հատված ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցազրույցից: - ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների ջերմացմանը խանդով է վերաբերվում Ռուսաստանը, ու Ադրբեջանին զենք վաճառելու փաստը շատերը գնահատում են որպես ճնշում ՀՀ-ի հանդեպ։ Ի վերջո, Ռուսաստանը կկարողանա՞ ելքի վրա ազդեցություն ունենալ, այդքան լծակ ունի՞։

- Ինձ դժվար է ճշգրիտ գնահատական տալ, որովհետև տեղեկացված չեմ։ Իմ գնահատականներից մեկն այն է, որ դա Ռուսաստանին դուր չի գալիս, բայց չեմ բացառում նաև, որ դա Ռուսաստանի հետ պայմանավորված է արվում։ Ես չգիտեմ՝ Ռուսաստանի իրական վերաբերմունքը ոնց է, բայց ավելի շուտ հակված եմ կարծելու, որ Ռուսաստանը դրանից գոհ չի։ Ռուսաստանն ունի սցենար՝ Մաքսային միություն, որից հետո անպայման կլինի Արժութային միությունը, որտեղ ռուբլին կդառնա միասնական արժույթ։ Մենք սա պետք է հասկանանք։ Հայաստանն արել է տարբեր հայտարարություններ՝ մեկ ասել են՝ ոչ, մեկ ասել են՝ այո։ Պարզապես հասկանանք, որ այս պահին խոսքն Ասոցացման համաձայնագրի մասին է, որի հիմնական կետերը դեռևս չեն կարող բացասական ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այլ հարց է, որ ասոցիացումից հետո գալիս է մյուս փուլը՝ դառնո՞ւմ ենք ԵՄ անդամակցության թեկնածու, թե՞ ոչ։

Այս հարցը չի կարող լուծվել առանց վերջնականապես ՌԴ-ի հետ ճշտելու հարաբերությունները, որովհետև ՌԴ-ի հետ կա ռազմավարական գործընկերություն, ՀՀ տարածքում կա ռուսական զորք։ Սա կնշանակի՝ կրակի հետ խաղալ։ Ռուսներն էլ պետք է հասկանան, որ երբ ասում ենք՝ Հայաստան, ապա Ղարաբաղը հետներս է։ Նաև նախագահական ընտրությունների ժամանակ ասել եմ, որ հասել է պահը՝ նման կարևորագույն հարցերը հանրաքվեի դնելու համար։ Կարծում եմ, որ չէր խանգարի մեր իշխանությանը հիշեցնել, որ հանրաքվեի հնարավորություն կա։ Չեխիայում տարեկան մի քանի հանրաքվե է արվում, ժողովրդի կարծիքն են հարցնում։ Ժողովրդի վերաբերմունքը միայն կուժեղացնի և փաստարկ կլինի ինչպես՝ ՌԴ, այնպես էլ՝ ԵՄ անդամների հետ բացատրվելիս։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել