
Այսօր գնացել էի մեր ազատամարտիկների մոտ՝ զորակցելու: Մի կողմից հպարտ էի, որ իրենց կողքին եմ կանգնած և որ իրենց պայքարում իմ չնչին մասնակցությունը ունեմ, բայց մյուս կողմից էլ ամաչում էի: Ամաչում էի, որովհետև նրանք ժամանակին իրենց կյանքը վտանգի ենթարկելով պայքարել են մեզ խաղաղ հայրենիք պարգևելու համար, իսկ մենք այսօր նրանց պատասխանում ենք անտարբերությամբ... Ցավում եմ, որ հայ ազգը չի գիտակցում, որ պարտավոր է զորակցել ազատամարտիկներին: Սա միայն իրենց պայքարը չէ, սա բոլորիս պայքարն է: Եթե նրանց պահանջները չբավարարվեն,մենք բոլորս պարտված կհամարվենք, ավելի քան երբևէ...
Անձամբ ինձ համար զավեշտի է նման այն փաստը, որ ամբողջ համացանցը և հեռուստաալիքները ողողված են դատարկաբանությամբ, իսկ երբ խոսքը վերաբերվում է մեր ազգի պաշտպաններին, բոլոր լրատվամիջոցները լռում են: Նստացույցի միայն առաջին օրերին էր, որ նկատվում էր որոշակի աշխուժություն ( որը ևս բավարար չէր), իսկ հիմա արդեն գրեթե բոլոր լրատվամիջոցները մոռացել են, որ մարդիկ, որոնք մեզ նվիրեցին հաղթանակի բերկրանքը, որոնք բարձրացրին մեր և մեր հայրենիքի արժանապատվությունը, այսօր ստիպված են դիմել ծայրահեղ միջոցների՝ իրենց բողոքն արտահայտելու համար: Կոչ եմ անում բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, ձեր բոլորի մասնագիտությունը նախևառաջ հայ լինելն է: Դուք պետք է գիտակցեք, որ սա նաև ձեր արժանապատվության հարցն է։ Ազատամարտիկները պայքարել են նաև ձեր այսօրվա խաղաղ կյանքի համար,և դուք պարտավոր եք ոչ միայն լուսաբանել իրենց պայքարը, այլև ձեր հմուտ աշխատանքով նպաստել նրանց պահանջների դրական լուծում ստանալուն:
Մեզանից յուրաքանչյուրը պարտք է մեր ազատամարտիկներին մի ամբողջ կյանք, հպարտություն, Արցախ և Հայաստան... Եվ եկել է պահը, որ գոնե ինչ-որ չափով փորձենք փոխհատուցել նրանց:
Եթե այն ժամանակ նրանք կռվի գնացին այսօրվա խաղաղ օրերի համար, ապա այսօր իրենց պայքարը մեր վաղվա խաղաղ հայրենիքի համար է։
Իմացի՛ր, հայ ժողովուրդ, եթե նրանց պահանջները չբավարարվեն, վաղվա պատերազմում մեր սահմանները անպաշտպան կլինեն...