«Առավոտ» օրաթերթը գրում է.

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Վերջերս «Ոսկե ծիրան» փառատոնի մասին ես շատ տարօրինակ դատողություններ եմ լսում ու կարդում։ Քննարկվում են ոչ թե ֆիլմերը, նույնիսկ ոչ թե փառատոնի կազմակերպման ուժեղ և թույլ կողմերը, այլ՝ պե՞տք է արդյոք Երևանում միջազգային կինոփառատոն անցկացնել։ Փաստարկների մի մասը «սոցիալ-քաղաքական են». ի՞նչ փառատոն, երբ Հայաստանի բնակչության 40 տոկոսը..., երբ գաղթականների քարավանները..., երբ մերօրյա էնվերներն ու թալեաթները... և այլն։ Ինձ թվում է՝ նույնիսկ այդ վիճակում արժե ցույց տալ, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային մասշտաբի մշակութային իրադարձության կենտրոն, որ այստեղ ապրում են հազարավոր մարդիկ, որոնք սիրում և գնահատում են իսկական արվեստը։

Փաստարկների մյուս մասը, այսպես ասած, «ազգային-ազատագրական է», թուրքական և ադրբեջանական ֆիլմեր, ազգային ինքնության դեմ ոտնձգություններ և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ նույն Հայրենական պատերազմի ժամանակ Բեթհովենի երաժշտությունը մեր երկրում արգելված չէր (Վագները արգելված էր, որովհետև այդ կոմպոզիտորը ռասիստական թեմաներով շատ էր ավել-պակաս խոսում, և այդ ցնդաբանությունները նացիստներին դուր էին գալիս)։ Հիշեցնենք նաև, թե ինչպես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» փաստագրական գրքում խորհրդային համակենտրոնացման ճամբարի կալանավորները կարողանում են բացատրել իրենց հսկիչներին, որ գերմանացի բանաստեղծ Հայնեի քանդակը կարելի է կերտել։ Փորձենք ունենալ գոնե «Գուլագի» հսկիչների լայնախոհության մակարդակը, եթե մարդը թուրք է կամ ադրբեջանցի, ապա պարտադիր չէ, որ թշնամի լինի։

«Ազգային-ազատագրական» փաստարկների ծայրահեղական դրսևորումն էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեջ մասոնական դավադրություն փնտրելը։ Դա արդեն անեկդոտի ժանրից է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել