Անհեթեթություններ կան, որոնք հաշվարկված են պատասխան անհեթեթությունների վրա։
Նեղ վիճակից բխած անհեթեթ պատասխան էր գազի թանկացումը կամ «սմերչ»ը։
Կարելի էր գազը մի բան էլ էժանեցնել, դա էլ խանդի տեղիք կտար։
Ինչևէ, սպիտակ ֆոնի վրայի սև բիծը վանում է, սևի սպիտակը՝ ձգում։
Վերադառնանք.
Դյութիչ է ջրահարսերի՝ խեղդելու նպատակով երգը։
Պարզվում է, որ կերը ուտվելուց առաջ կարող է լայն ժպտալ և մղվել ուտվելուն ընդառաջ, միգուցե քթերից գալու հույսերով։
Եւ այդ ամենը մեկ այլ հույսից՝ սեփական բանկային հաշվի տաք մնալու։
«Լաս-ողբաս»-ում ի՞նչ Լաս Վեգաս։
Դրսի օլիգարխների համար բտվող ներսի շվայտ անտեղյակներ։
Օրհնության առևտուր և նզովյալ, շռայլ գնորդներ։
Տարիներ առաջ մեկնարկած դրամի խնայողություն՝ բանակից ազատելու համար և մեջգցված ծանոթի շքեղացող կյանք։
Դատարկ շքեղ շենքերի արանքով երեկոյան քողարկված արկածխնդրության հանդիսավոր զբոսանք։
Մարդաշատ՝ բարձր տեսանելիությամբ սննդի օբեկտներ, որպես կուշտ ապրելու ցուցադրում։
Նախահարձակ ինքնաարդարացում։
Բարձրաձայն մեծ երազանքներ և դրանցից հեռացնող՝ արագացող ընթացք։
Գլխուղեղի թթվածնային քաղց և արյան արագացված թթվայնացման գործընթացներ։
Գիշերային կյանքից անմասն մնալու սարսափ։
Պայքար հանուն հասարակական կարծիքի և դրա վրա թքած ունենալու հայտարարության։
Տասներկու տարի անվճար և երկու տարի նույնի՝ վճարովի ուսուցում։
Վարկով նոր տարի ու հարսանիք։
...
Ինչի՞ց այսպես թմրեցինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել