- Իսկ դու հավատացյա՞լ ես
- Ինչպե՞ս կարող եմ հավատալ, եթե մեր եղեղեցին կոռումպացված է ու բարոյալքված: 
- Բայց արդյո՞ք ինստիտուտը հավատքի հետ ընդհանուր եզր ունի: Ինչպե՞ս կարող է երկրային կառույցը խաթարել Աստծո հանդեպ քո հավատը ու խախտել կապդ Տիրոջ հետ: 

Կարծես թե ամեն ինչ ճիշտ է ու ճշմարիտ հավատացյալի վրա նույնիսկ եկեղեցու ու եկեղեցականի ներկա վիճակն ու խեղված կերպարը չպետք է ազդեն, բայց արդյո՞ք աղանդների ու աղանդավորների ծաղկունքի, էկրաններից ամեն օր հորդող այլասերվածության պայմաններում մենք կարող ենք մեզ թույլ տալ նման հոգևորականներ ունենալու շռայլությունը: Ումո՞վ պետք է մեր երեխաները ոգեշնչվեն, ո՞ւմ պետք է փորձեն նմանակել և ո՞վ պետք է հետ պահի նրանց սխալ ուղուց: Մեր հոգևորական այրե՞րը: Խնդրում եմ՝ ինձ մի ծիծաղեցրեք: 
Օր օրի ակնհայտ է դառնում, որ մեր եկեղեցին լուրջ վտանգի առջև է կանգնում: Առանձին եկեղեցականների վարքուբարքը տեսնելով՝ մարդկանց լքում է հավատալու ցանկությունը: Իսկ մոլորվածներին ու հուսալքվածներին գրկաբաց սպասում են… սպասում են սնկի պես աճող աղանդներում: 

Ձուկը գլխից է հոտում: Մեզ մոտ էլ այդպես է: Առկա բոլոր վատ երևույթների համար անշուշտ առաջին պատասխանատուն Վեհափառն է: Նրա գործունեության մասին տեսակետներն անշուշտ տարբեր են: Գովերգողները շատ են ու որպես կանոն դա անում են ֆանատիզմի հասնող հավատքով պայմանավորված: Քննադատողներ էլ կան, բայց նրանց երկար պետք է փնտրես: Պատճառը պարզ է՝ մեծամասնությունը քննադատում է ինքն իր մեջ, առանց բարձրաձայնելու: Իսկապես, ամեն հավատացյալ մեծ հոգեբանական պատնեշ պետք է հաղթահարի հովվի բացասական կողմերը տեսնելու համար, իսկ բարձրաձայնելն անշնորհակալ գործ է. Կարող ես հավակնել շատերի ատելության օբյեկտը դառնալ: Կարծես թե հենց վերջին հանգամանքից են օգտվում մեր հոգևորականները ու հենց այս պատճառով իրենց խիստ անկաշկանդ են զգում զանցանքներ ու հանցանքներ իրականացնելիս: Բայց, ցավոք, ես չափազանց լցված եմ, որպեսզի վատը չմտածեմ մեր Կաթողիկոսի մասին ու չափազանց թքած ունեմ հանրության կարծիքի վրա, որ տեսածիս մասին վախենամ բարձրաձայնել:

Թերևս միակ բանը, որ հավատքի հետ ոչ մի կապ չունեցող Վեհափառին հաջողվեց իր կաթողիկոսության տարիներին, եկեղեցին կայուն և եկամտաբեր բիզնես դարձնելն է: Հոգ չէ, եթե տեսանելի լիներ նաև արդյունավետ պայքարը առկա արատների դեմ: Ասում են չարը հաղթում է, երբ բարին անգործության է մատնված: Իրականությունը կրկնակի կարճ է՝ չարը հաղթում է: Իսկ մենք ստիպված ենք համակերպվել դրա հետ ու դա անում ենք լռին՝ ամեն մեկս մեր համար ու մեր ձևով: Կճոյանների նմանները մեր եկեղեցական համակարգում այլևս օրինաչափություն են, իսկ բարոյական մարդիկ հրաժարական են տալիս.. հրաժարական են տալիս ինչպես Արևմտյան Եվրոպայի ՀԱԵ թեմի առաջնորդը արեց: Իր բաց նամակի մեջ նա գրել էր, որ իր հրաժարականը պայմանավորված է Գարեգին Բ-ի՝ կաթողիկոսին ոչ հարիր վարքով, իր եղբայրների արժանապատվությունը ոտնատակ տալու ցանկությամբ և եկեղեցական հարաբերությունները բիզնես հարաբերությունների վերածելով: Տխուր մեղադրանքներ են: Ավելին, այսօր մարդիկ պատերի տակ բամբասում են, թե մեր եկեղեցին անգամ աղանդավորական կառույցների հետ է համագործակցում ու նույնիսկ նրանցից է գումարներ կորզում: Համաձայնեք, նման բամբասանքներ չէին լինի, եթե եկեղեցին աղանդավորական կառույցների դեմ լուրջ, արդյունավետ ու տեսանելի պայքար ձեռնարկեր: Չի երևում: Իհարկե չհաշված մարդկանց աչքերին այն մանր մունր թոզ փչոցիները, որ իբր թե եկեղեցին քարոզում է նաև համացանցում, հանդիպում է քաղաքացիների հետ, եթերով է քարոզում և այլն: Սա ընդամենը շղարշ է, գեղեցիկ ֆոն անգործությունը ծածկելու համար: Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է հայ մարդը, առավել ևս հոգևոր առաջնորդները անտարբեր մնալ իր ժողովրդի՝ Աստծուց օրեցօր հեռանալու խնդրի նկատմամբ: Վստահ եմ մեր եկեղեցական վերնախավը, Վեհափառի գլխավորությամբ, մի օր կսթափվի: Երնեկ թե ուշ չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել