1in.am-ը գրում է.

2012թ. 8 ռուս միլիարդատերեր բարեգործության վրա ծախսել են շուրջ 390 միլիոն դոլար: Այս մասին նշված է Forbes-ի ռուս բարեգործների վարկանիշային աղյուսակում: 

Ցուցակը գլխավորում է Ալիշեր Ուսմանովն իր 17,6 մլրդ դոլար կարողությամբ, որը 2012-ին բարեգործության վրա ծախսել է 180 մլն դոլար: 

2-րդ հորիզոնականում Ռոման Աբրամովիչն է (111 մլն դոլարով), 3-րդ տեղում՝ Անդրեյ Սկոչը (40,2 մլն դոլարով): 

Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Վլադիմիր Պոտանինը, Օլեգ Դերիպասկան, Գենադի Տիմչենկոն, Վագիթ Ալեքպերովը, Դմիտրի Մազեպինը: 

Forbes-ը պատրաստվել է նաև տեղեկանալ, թե ռուս մեծահարուստների ցուցակը գլխավորող 50 միլիարդատերերն անձամբ որքան են ծախսել բարեգործության վրա (բացառությամբ նրանց ընկերությունների կորպորատիվ ծրագրերը): 

Պատասխան տվել են միայն 8 գործարարներ, մնացածն իրենց լռությունը բացատրել են նրանով, որ բարեգործության վրա կատարված ծախսերի մասին խոսակցությունները համարում են անհամեստ ու էթիկային հակասող: 

Աշխարհի միլիարդատերերի թվում ամենաշռայլը Բիլ Գեյթսն ու Ուորեն Բաֆեթն են: Նրանց ծախսերը բարեգործության վրա ներկայում կազմում են 28 ու 20 մլրդ դոլար՝ համապատասխանաբար:

Ընդ որում՝ Գեյթսի կարողությունը գերազանցում է 67 մլրդ դոլարը, Բաֆեթինը՝ 59 մլրդ դոլարը (ըստ Forbes-ի տվյալներ): 

2010թ. միլիարդատերերը նախաձեռնեցին The Giving Pledge ընկերությունը, որին միացած գործարարները խոստանում են իրենց կարողության մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը: Ռուսներից The Giving Pledge-ին մասնակցում է Վլադիմիր Պոտանինը: 

Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլի 18-ին Forbes ամսագրի ռուսական ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում տեղ էր գտել 3 հայ գործարար: Նրանց անունները, սակայն, տեղ չեն գտել Forbes-ի ռուս բարեգործների վարկանիշային աղյուսակում: 

Այսպես, 29-րդ հորիզոնականում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը կազմում է 3.8 միլիարդ դոլար: 2012թ. վարկանիշային աղյուսակում Կարապետյանը զբաղեցնում էր 63-րդ հորիզոնականը: 1 տարվա ընթացքում նրա կարողությունն ավելացել է 2.2 միլիարդ դոլարով:

Աղյուսակի 143-րդ հորիզոնականում է հայտնվել Wooden Fish Agency դիտորդական խորհրդի տնօրեն (ներկայացնում է Telconet-ի շահերը Ռուսաստանում) Ալբերտ Ավդոլյանը՝ 0.7 միլիարդ դոլարով: Նախորդ տարվա համեմատությամբ նրա դիրքը աղյուսակում չի փոխվել:

Sberbank CIB կորպորատիվ-ներդրումային բիզնեսի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 193-րդ հորիզոնականը՝ 0.5 միլիարդ դոլար կարողությամբ: 2012թ. համեմատությամբ (180)՝ նա զիջել է դիրքերը 13 կետով:

2013թ. Forbes-ի վարկանիշային աղյուսակն այս տարի ևս գլխավորում է «Մետալոինվեստ» հոլդինգի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը՝ 17.6 միլիարդ դոլար կարողությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել