Համացանցում կարդացի, որ ՀԱԿ-ը հանրահավաքային նոր շրջանի մեկնարկ է ազդարարում: Անկեղծ ասած` համացանցային քննարկումները առավել սառը կամ բացասական երանգներ են պարունակում` կապված հանրահավաքային սեզոնի հետ, մինչդեռ այս ընթացքում ընդդիմությունը իսկապես լոդրություն է արել և երկրում քաղաքական ակտիվության գոնե մինիմալ ցուցիչը պահպանվել է բացառապես ֆեյսբուքյան օգտատերերի ակտիվության շնորհիվ: Երկրում կուտակված բացասական լիցքերը վաղուց պետք է միավորեին ընդդիմադիր քաղաքական ուժերի ցաքուցրիվ գործողությունները:

Տարաբնույթ սկանդալային բացահայտումների, գազի և այլ կենսական ծառայությունների սակագների թանկացման, Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումների ֆոնին ընդդիմադիր ուժերը գրեթե կենդանության նշաններ ցույց չեն տվել: Բանը հասել է այնտեղ, որ իշխանական տարբեր կառույցներ սկսել են ստանձնել հակաիշխանական քաղաքական գործառույթներ` հավանաբար սուրբ տեղը դատարկ չթողնելու հումանիտար առաքելությամբ...

Հիմա, երբ փորձ է արվում քննարկումները տեղափոխել քաղաքական դաշտ` ընդդիմադիր ուժերի ակտիվանալու փորձերը պետք է խրախուսել, ոչ թե պիտակավորել`անկախ այս կամ այն ուժերի ներկայացուցիչների տարաձայնություններից: Ի վերջո, ՀԱԿ-ի գործողությունները մերժող ընդդիմադիր ուժերը թող ներկայացնեն խնդիրների լուծման իրենց մեխանիզմները: Շարքային մահկանացուների, այդ թվում և ինձ համար, մեծ հաշվով, կարևոր չէ, թե այդ պահին ով է բարձրացնում առաջամարտիկի դրոշակը` բոլորիս քաջ հայտնի քաղաքական ուժեր, թե մի կին` ատամնատեխնիկ, կարևոր է, որ կյանքը Հայաստանում վերջապես առաջ շարժվի մեռյալ կետից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել