
Համաձայն հնադարյան պատմաբան Սուետոնիուսի, Կալիգուլա կայսրը իր ձիերից մեկին՝ Ինցիտատուսին, այնքան էր սիրում, որ նրա համար մարմարից փարախ էր կառուցել, թանկարժեք կտորներից ու թանկարժեք քարերով զարդարված հանդերձանքներ էր պատվիրում և անգամ տուն էր կառուցել նրա համար: Մեկ այլ պատմաբան՝ Կասսիուս Դիոն, գրել է, որ Կալիգուլան իր սիրելի ձիուն կերակրում էր ոսկու փոշու մեջ թաթախված ծղոտով…
Կալիգուլան հայտնի էր իր՝ խելագարին հատուկ վարքով. նա ինցեստային կապի մեջ էր իր քույրերի հետ, հայտնի էր իր ցնորքներրի ու դաժանության համար, սիրում էր գազանների կեր դարձնել բանտարկյալներին, խոսում էր լուսնի հետ և այլն, ուստի ձիու նկատմամբ նրա տածած թուլությունը ամենաանմեղն էր՝ այլ ցնորքների համեմատ: Բայց որքանո՞վ է արդար Սուետոնիուսի այն պնդումը, որ Կալիգուլան ցանկանում էր իր սիրելի ձիուն կոնսուլ դարձնել և միակ բանը, որ նրան խանգարեց դա անելու, իր՝ Կալիգուլայի սպանությունն էր:
Ինչպես և շատ այլ «փաստեր», որոնք մենք գիտենք խելագար այս կայսեր մասին, Ինցիտատուս ձիու մասին պատմությունը ևս պատկանում է մի պատմիչի, ով ապրել է Կալիգուլայի 4 տարի տևած իշխանությունից տասնամյակներ հետո: Ժամանակակից շատ պատմաբանների կարծիքով, Սուետոնիուսն ու Դիոն իրենց աշխատություններում հիմնվել են ասեկոսեների և լեգենդների վրա, ինչպես նաև չեն խուսափել սեփական երևակայության արգասիքները այդ ամենին կցելով, ինչի արդյունքում Կալիգուլան ոչ այնքան հաջող առաջնորդից վեր է ածվել իսկական չարագործի: Շատերը վիճարկում են այն պնդումները, թե կալիգուլան հազարներով անմեղ մարդկանց է սպանել, արդարացի ակնարկելով, որ այդ դեպքում նրան էլ ավելի շուտ կհեռացնեին իշխանությունից: Այնպես որ, այսքանով հանդերձ կարելի է ենթադրել, որ վերոնշյալ պատմությունների մեջ կարելի է հավատալ թերևս միային այն պնդումներին, որ Կալիգուլան անսովոր կապվածություն ուներ իր ձիու հետ և ճոխ փարախ էր կառուցել նրա համար:
Իսկ ի՞նչ եթե կալիգուլան այնուամենայնիվ ուներ Հռոմի առաջին չորքոտանի պաշտոնատար անձ կերտելու մտահաղացումը: Համաձայն «Կալիգուլա. կենսագրություն» գրքի հեղինակ, պատմաբան Ալոիս Ուինթերլինգի, խելագարությունը նման դավադրության միակ հավանական պատճառը չէ: Համաձայն այս պատմաբանի, շատ հռոմեական կայսրեր դիտավորյալ էին նման էքստրավագանտ քայլերի դիմում, այս կերպով նվաստացնելով սենատորներին: Այլ կերպ ասած, Կալիգուլան՝ իր ձիուն նշանակելով այդ բարձր պաշտոնին, ուզում էր իր հպատակներին ցույց տալ, թե ինչ աննշան ու անէական գործ են անում սենատորները. այն աստիճան, որ անգամ կենդանին կարող է դա անել: