
Կ. Զատուլինն արդեն ակնհայտ սպառնալիքներ է տեղում Հայաստանին՝ ԵՄ հնարավոր անդամակցության հարցում, հիշատակում է Ուկրաինան, նրա առջև Ռուսաստանի կողմից սրհեստականորեն ստեղծված խնդիրները, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում էլ հայտարարում, որ եթե Հայաստանն ընդունի ԵՄ անդամակցության հրավերը, ապա ղարաբաղյան հարցում պետք է զիջումների գնա... Այսինքն, եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, Ռուսաստանն արդեն ,,բաց խաղաքարտերով,, , որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կպաշտպանի Ադրբեջանի շահերը... Սա քաղաքականության մեջ էլ կոչվում է ճիշտ այնպես, ինչպես առավել ազատ ու համարձակ դիմում են մարմնավաճառներին: Ռուսաստանն, ուրեմն, տասնամյակների ընթացքում ոչ կաշին է փոխել, ոչ էությունը, մնացել է նույնը՝ երբեք չկամենալով դառնալ ժողովրդավար, հեռանալ կայսերապաշտական նկրտումներից...
Սակայն հենց Ռուսաստանը մեր դիվանագիտության համար հրաշալի նախադրյալներ է ստեղծում՝ անբարոյականությանը հակադարձելու մեր հստակ արտահայտված պահանջատիրությունը... Կրեմլը լավ է հասկանում, որ Հայաստանն իր միակ օազիսն է այստեղ, ուստի շատ կարևոր ռազմավարական և աշխարհաքաղաքական դիրքում է գտնվում: 1998 թվականից սկսած մեր դիվանագիտությունը կորցրեց պատմական հնարավորությունները, ամբողջապես սկսեց ,,տրվել,, Ռուսաստանին՝ իբրև ճնշումների նախադրյալ ունենալով 1999-ի Հոկտեմբեր 27-ը: Ինձ համար, գոնե, ակնբախ է, որ այդ ոճրագործության թիկունքում կանգնած էր Ռուսաստանը, այդ երկիրն էր կամենում վախի մթնոլորտ ձևավորելով՝ իրեն հպատակեցնել մեր երկիրը... Մենք 1998-ից սկսած գնացինք պարտությունների միջազգային դիվանագիտության ասպարեզում՝ մշտապես ամեն ինչում առաջ մղելով Ռուսաստանի շահը: Այդ ամենի դիմաց՝՝ Ռուսաստանը մեզ ոչինչ չտվեց: Ընդհակառակը, ՌԴ Պետդումայի խոսնակը Բաքվում ցինիկաբար Հայաստանը ֆորպոստ կոչեց՝ շատ լավ գիտենալով, որ չենք հակադարձելու: Եվ չհակադարձեցինք: Այսօր ,,վայելում,, ենք մեր թուլամտության դառը պտուղները...
Սակայն, իսկապես, դեռ ամեն ինչ կորած չէ, հարկավոր է Ռուսաստանի հետ վարել սկզբունքային և համակողմանի բանակցություններ՝ պահանջողի դիրքերից. ուզում ես, որ քեզ հետ լինենք, պիտի ինքդ էլ պատրաստ լինես հարգելու մեր իրավունքները, մեր շահերը, պիտի բիզնեսը ստորադասես քաղաքական շահերին... Իսկ դրա համար Հայաստանն ունի հզոր ներուժ՝ ի դեմս ռուսաստանյան մեր սփյուռքի, այդ երկրում գտնվող բազմաթիվ ազգային կառույցների: Կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, եթե անհապաղ հրավիրվի Հայաստանի քաղաքական իշխանությունների և Ռուսաստանի Հայերի միության, ռուսաստանյան հայկական կառույցների համատեղ խորհրդաժողով, ներկայացվի գործունեության և բանակցությունների հստակ ծրագիր: Հայկական բիզնեսը, հայերի հզոր ներկայությունը Ռուսաստանում պետք է դարձնել կարևոր խաղաթղթերից մեկը...
Մենք այսօր արդեն իրավունք չունենք նման կարևորագույն հարցերը մոռացության տալ, ամեն ինչի նայել մատների արանքով: Աշխարհում հայտարարում են, որ Հայաստանը համաշխարհային զարգացումներից մեկուսացած երկիր է: Սա ճգնաժամ է, որը պետք է հաղթահարել...