
Մերջին ժամանակները ԵՄ ասոցացման պայմանագրի կապակցությամբ Ռուսաստանն ակտիվացել է և արդեն իր պաշտոնյաների միջոցով ակնհայտորեն սպառնում է Հայաստանին ղարաբաղյան նոր պատերազմով: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նույն պաշտոնյան հայտնում է, որ բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության այն հատվածը, որն նախընտրում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, գերազանցում է ԵՄ-ի հարաբերությունները խորացնել ցանկացողներին: Ավելին, հայերը հիմնականում նախընտրւմ են վերաբնակվել Ռուսաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում:
Այ այստեղ առաջանում է հարց. եթե այդպես է, ապա ինչպես է հնարավոր, որ այդ իսկ հանրության կողմից ընտրված իշխանությունը ճիշտ հակառակ քաղաքականությունն է վարում: Այս հարցին ռուս պաշտոնյաները պետք է փորձեն պատասխանել: Իսկ պատասխանը պետք է ռուսներին մտահոգի: Ռուսաստանին պետք է հիշեցնել, որ Հայաստանի իշխանությանը ոչ թե մենք ենք ընտրել, այլ հենց իրենք: 2008-ին Ռուսատանի նախագահը ցուցադրաբար մասնակցել է մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների արյունոտ վայրը «Ռուսաստանի հրապարակ» անվանակոչելու արարողությանը, այսինքն իր վրա վերցրել է Հայաստանի իշխանության «կազմավորման» պատասխանատվությունը: Ավելին, ընտրություններից հետո Սերժ սարգսյանը հրապարակայնորեն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին և վարչապետին:
Եվ եթե կան խնդիրներ այդ վարչակազմի կողմից վարվող քաղաքականության հետ կապված, ապա դա հենց իրենց կողմից կատարված ընտրության արդյունքն է: 2008-ին նման հակաժողովրդական իշխանությունը մեր վզին փաթաթելով իրենք պատժել են Հայաստանի հասարակությանը, որի հետևանքում հայերը արտագաղթում են, թեկուզ Ռուսաստան: Իսկ այդ վարչակազմի քաղաքականության արդյունքում իրենք արդեն երկրորդ անգամ են պատժում Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին, արդեն Ադրբեջանին զենք մատակարարելով: Ռուս պաշտոնյաներն արդեն ակնարկում են, որ իրենք Հայաստանի հարցում երբեմն սխալ քաղաքականություն են վարել, սակայն խուսափում են արտահայտվել, թե կոնկրետ որ սխալների մասին է խոսքը: Այ երբ ասեն, այդ ժամանակ շատ բան կհստակեցվի: