Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը (Նյու Յորք):
Պարոն Մարտիրոսյան, ԵՄ հանձնակատար Ֆյուլեն Երեւանում նշել է, որ ԵՄ-Հայաստան ասոսցացման պայմանագրի ստորագրումով չի ենթադրվում, որ Եվրամիությունը սահմանափակում է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ավելին, նա նշեց, որ Եվրամիության կողմից միայն խրախուսվում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը համատեղելի է մեր անվտանգության շահերին:
Հանձնակատար Ֆյուլեի խոսքերում ես որևէ սենսացիա չեմ տեսնում: Իսկ ի՞նչ էր ակնկալվում նրանից: Որ կկրկնի Լեհաստանի ղեկավարի՞ խոսքը, թե՞ պահանջի, որ Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց: Լեհաստանի ղեկավարի «կամ, կամ» հայտարարությունը վերաբերում էր տնտեսական միությունների տարբեր համակարգերի ընտրությանը, և դա կոշտ հայտարարություն էր: Ֆյուլեն, իր հերթին, մեղմացնելու համար այդ խոսքերի առաջացրած արձագանքը, դիվանագիտորեն ասել է մի բան, որը որևէ կերպ չի հակասում լեհ առաջնորդի հայտարարությանը: Ֆյուլեն խոսել է ընդհանուր բարեկամության, եղբայրության, դաշնակցության և այլ նման գեղեցիկ բաների մասին: Իհարկե, ԵՄ-ն չի կարող Հայաստանին պաշտպանել արտաքին ագրեսիայից, չի կարող փոխարինել Ռուսաստանին և հենց դա է արձանագրել ԵՄ հանձնակատարը: Նրա հայտարարությունը չի նշանակում, որ Միությունն ընդունել է «եւ, եւ» մոտեցումը: ԵՄ-ն ընդամենը փաստելով «եւ, եւ»-ի հանգամանքը, այլ բնագավառներում, Ֆյուլեի շուրթերով հաստատել է «կամ, կամ»-ի պնդումը: 
Հայաստանը ի վերջո կնախաստորագրի՞ ասոցացման պայմանագիրը:
Այդ հարցի պատասխանը, կարծում եմ, միայն մեկ մարդ գիտի` հանրապետության նախագահը, հնարավոր է և արտաքին գործերի նախարարը: Կստորագրի Հայաստանը, թե ոչ, հայտնի կդառնա միայն այն բանից հետո, երբ Հայաստանը ստորագրի այն կամ չստորագրի: 
Ի՞նչ կփոխվի ստորագրումից հետո:
Ես կասեի` հնարավոր ստորագրումից: Եթե Հայաստանը ստորագրի այդ փաստաթուղթը, ապա դա կզայրացնի Ռուսաստանին, որը կարող է կարճաժամկետ դժվարություններ ստեղծել մեզ համար, սակայն ռազմավարական առումով մեր «ավագ եղբորն» ու «ռազմավարական միակ դաշնակցին» կստիպի մի փոքր հարգանք դրսևորել իր «կրտսեր եղբոր» և «հովանավորյալ ռազմավարական դաշնակցի» հանդեպ: Դրանով Հայաստանը ցույց կտա, որ ընդունակ է որոշակի ինքնուրույն քայլեր ձեռնարկել և համր չէ, երբ անհրաժեշտ է բողոք արտահայտել: Մյուս կողմից, ԵՄ-ի հետ մերձեցման պրոցեսներն առավել առարկայական կդառնան: Ու թեև Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ դեռևս տասնամյակների հեռավորություն ունի, սակայն դա կարևոր քայլ կլինի այդ ուղի մտնելու համար: 
Մենք մյուս կողմից տեսնում ենք Ռուստաստանի խանդոտ քաղաքականությունը, որը կարծես արտահայտվում է գազի գնի թանկացմամբ, կամ Ադրբեջանին մեկ միլիարդի զենք վաճառելով:
Ռուսաստանի Ձեր նշած գործողությունները, իմ համոզմամբ, ոչ թե խանդի, այլ չկաշկանդվածության արդյունք են: Եթե ունես մի դաշնակից, որն ամբողջությամբ քո տնտեսական և քաղաքական վերահսկողության տակ է և որին կորցնելու վտանգը գրեթե հավասար է զրոյի, ապա նրա հետ հարաբերություններում քաղաքավարական ռևերանսները դառնում են անտեղի: Սրան գումարեք մեկ այլ, մեծապես քեզանից անկախ քո նախկին գաղութին սիրաշահելու մղումը, որ հաճախ կարող է բավարարվել հենց նույն ռազմավարական դաշնակցի հաշվին, ու կստանաք այն պատկերը, որն ունենք: Ահարկու զենքերի վաճառք քո դաշնակցի հակառակորդին, վաճառվող ռեսուրսի գնի բարձրացում և այլն: Սակայն նրանում, որ ցանկալի սիրուհու կարգավիճակը Հայաստանը փոխարինել է հարեմի կնոջ դերի հետ, ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը: Մեղավորությունը Հայաստանինն է, որ 2000 թ. սկսած հետևողականորեն հրաժարվել է իր տնտեսությունը տնօրինելուց և սեփական շահերը պաշտպանելուց: Վերջին տարիներին քաղաքականությունը մի փոքր այլ է, սակայն կորուստները չափազանց մեծ են արագ վերականգնելու համար: Առաջիկա ամիսները, սակայն, կարող են որոշիչ լինել երկրի հետագա դիրքորոշման առումով: 
 Պարոն Մարտիրոսյան, այնուամենայնիվ, Ռուսաստանի խանդը ինչո՞վ կարող է վերջանալ: Արդյոք նախաստորագրումը հնարավորություն կտա մոնոպոլացված տնտեսությունը ազատականացնել:
 Դժվարանում եմ ասել: Թերևս ոչ անմիջապես: Հայաստանում Եվրոպայի կամ ընդհանրապես Արևմուտքի հետ կապված խիստ սպեցիֆիկ պատկերացումներ կան: Եթե կարճ ասենք և նուրբ, ապա ԵՄ-ն փրկօղակ չէ և ամենակարող էլ չէ: Իսկ ներքին տնտեսական խնդիրները չեն կարող դրսից հրահանգներով կարգավորվել: Դրանք ներքին խնդիրներ են, որոնք ներսում են լուծվում: 
Ի վերջո, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կազդե՞ն ներքին կյանքի բարելավման վրա:
Հայաստանում ներքին և արտաքին քաղաքականությունները միշտ էլ խիստ տարանջատված են եղել: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պատասխանը միանշանակ մեկն է` ոչ: Պետք չէ մեծ ակնկալիքներ կապել ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման, իսկ ապա և հնարավոր ստորագրման հետ: Ընդհակառակը, պետք է նորանոր խնդիրներ ակնկալել: Ներքաղաքական կյանքը Եվրոպայի ազդեցությամբ միայն մեկ պարագայում կարող է բարելավվել, երբ երկիրն ինչ-որ հրաշքով, ինչ-որ ժամանակ ԵՄ անդամության թեկնածության բանակցություններ սկսի: Իսկ դա իր հերթին անհնար է առանց ներքաղաքական և տնտեսական կյանքի բարելավման: Ստացվում է փակ շրջան: Մնացած սցենարներից ոչ մեկը ԵՄ-ի հետ չի առնչվում: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք: Իսկ լուծման նախապայմաններն, այս պահի դրությամբ, մեղմ ասած, այնքան էլ ակնառու չեն:

Սիրանույշ Պապյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել