Կեղտոտ ձեռքերով մաքուր գաղափարներ չեն իրագործվում. ի սկզբանե հակված չլինելով անուններ տալ` ես կարծում եմ, որ մեր երկրի այսօրվա տնտեսական անհաջողությունների մեջ իր լուման ունեն նաև դեռևս խորհրդային տարիներին «թալանի» շնորհիվ կայացած որոշ չինովնիկներ:

Նրանցից շատերի անուններն այսօր կարող է շատերիս ոչինչ չասել, քանզի նրանք մեր օրերում փորձում են այդքան աչքի չնկնել, բայց նրանք կան, և ամենաահավորը այն է, որ նրանք շարունակում են իրենց «թալան»-ը, բայց այնքան հմուտ ձևերով, որ նրանց հանցավոր գործունեությունը բացահայտելը այդքան էլ հեշտ չէ:

70-ականների կեսերից սկսած Խորհրդային Հայաստանում ի հայտ եկավ չինովնիկների մի նոր կատեգորիա, որին ժողովուրդն անվանում էր «նոր ոճի ռայկոմականներ»: Այս անունը նրանց կպավ, քանզի նրանցից շատերը, ռայկոմներում, ռայսովետներում զբաղեցնելով բարձր պաշտոններ, սկսեցին մեծ փողեր աշխատել: Նրանք օր օրի հարստանում էին, իհարկե, ի տարբերություն այսօրվա ցուցամոլ որոշ չինովնիկների, նրանք աշխատում էին իրենց հարստությունը չֆետիշացնել: Հենց այսպիսիների պատճառով էլ փլուզվեց խորհրդային կարգերը: 
Հենց նրանց շնորհիվ ավանդույթ դարձավ փողով պաշտոններ գնելը: Նրանց շնորհիվ էր, որ կամաց-կամաց անկում էր ապրում ժողովրդի անսահման հարգանքը դեպի կոմունիստական կուսակցությունը: Նրանք վիրտուոզ էին իրենց «թալանի»-ի մեջ: Նրանց հաջողվեց երկրում ստեղծել մի մթնոլորտ, որտեղ գումարով հնարավոր էր դառնում լուծել չլուծվող հարցե:
Եվ ահա եկան մեր ժամանակները, կոմունիստական կուսակցությունը դադարեց իշխել, խորհրդային Հայաստանին փոխարինեց երրորդ հանրապետությունը, բայց այդ մարդիկ չմնացին խորհրդային տարիների արխիվներում. լինելով էությամբ ճարպիկ` նրանք կարողացան ինտեգրվել նոր հասարակարգում: Օգտագործելով իրենց «հմտությունները»` նրանք կարողացան շատ կարճ ժամանակահատվածում փոխել նորաթուխ ղեկավարների մտածելակերպը, սովորեցրեցին նրանց «փող» աշխատելու արվեստը: Նրանցից շատերը ժամանակի ընթացքում զբաղեցրեցին մեծ պաշտոններ նոր Հայաստանում. նրանք հիմա էլ ունեն առանցքային դերակատարում շատ ու շատ գերատեսչություններում: 
Անցնելով խորհրդային դպրոցի բարդ ճանապարհը` «ռայկոմականները» աչքի են ընկնում իրենց աշխատանքային կարգապահությամբ և սուբորդինացիայի պահպանման ձևերով: Նրանց մասին գրեթե բոլորն ասում են, որ այս մարդիկ շատ աշխատասեր են, իհարկե, քչերի մտքով է անցնում, հարց տալ, իսկ, ի՞նչ օգուտ է բերում նրանց աշխատասիրությունը ժողովրդին: Այո, նրանք աշխատասեր են, բայց աշխատասիրությունը նրանք ծառայեցնում են զուտ իրենց բարգավաճմանը: 

Հ.Գ.Ժամանակն է եկել, որպեսզի այսպիսի մարդիկ դուրս մղվեն ղեկավար պաշտոններից: Հավատացեք, նրանց տված վնասը անհամեմատելի շատ է, քան օգուտը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել