Galatv.am-ը գրում է.

«Բարև ձեզ, ես՝ Լյովա Սերգոյի Սիմոնյանս, ազատվել եմ Սևանի գաղութից և վերադառնում եմ հարազատ Գյումրի»,-ԳԱԼԱ հեռուստաընկերության լրահավաք հեռախոսին զանգահարած տղամարդու ձայնը ճանաչեցի անմիջապես: Երկու տարի առաջ Լյովա Սիմոնյանը աշխատանքի ու կացարանի փնտրտուքների մեջ էր, այն ժամանակ էլ նոր էր դուրս եկել գաղութից և հայտարարում էր. «Փոխելու եմ կյանքս, ապրելու եմ մարդավայել, էլ չեմ ուզում վերադառնալ գաղութ, քանի որ կյանքիս կեսը գաղութում է անցել»:

Երկու տարի առաջ ես տեսանյութ էի պատրաստել այդ մարդու մասին, նկարագրել նրա կյանքը և ներկայացրել պահանջը հասարակությանը և իշխանություններին՝ աշխատանք՝ կյանքը փոխելու համար: Բայց այդպես էլ չգտնելով աշխատանք՝ հուսահատ մարդը հայտարարում էր. «Տեղ չունեմ, ապրուստ չունեմ, իսկ գաղութում գոնե ծածկ կար, և սովից չէի մեռնում գոնե, հիմա ինչ են անում, ստիպում են, որ վերադառնամ այնտե՞ղ, դարձյա՞լ վերադառնամ...»:

Ու հետո էլ չիմացանք  ինչ եղավ Լյովա Սիմոնյանի հետ, նա կորել էր անհետ, էլ չէր գալիս, տուն ու աշխատանքի պահանջով չէր խնդրում նկարահանել կամ ձայնագրել: Ու հիմա նորից հեռախոսից լսվում է ծանոթ ձայն՝ ճիշտ այնքան ուրախ ու հուսահատ, ինչպես երկու տարի առաջ էր. ուրախ, որ ազատության մեջ է, և տխուր, որ ինքը խիստ կասկածում է՝ այս անգամ արդյո՞ք հասարակությունը կընդունի...

Հեռախոսազանգից որոշ ժամանակ անց Լյովա Սիմոնյանը ներկայացավ ԳԱԼԱ հեռուստաընկերություն՝ ճամպրուկներով, կամ ինչպես ինքն է ասում՝ իր «գարդիրոպով». երկու հնամաշ կտորե պայուսակ, որի մեջ իր ամբողջ «կարողությունն է», հնամաշ շորեր, գաղութում պատրաստած իրեր ու երկու վիճակախաղ:

«Էս լոտոները նոր առա, մի բարի մարդ գումար տվեց, որ սիգարետ առնեմ, ես լոտո առա, ասի՝ մեկ էլ տեսար բախտս էսքան տարի անց բերեց, ու մի դոմիկ շահեմ, կամ եսի՞մ...»,- ասաց նա ու ներս մտավ:

Տեսնելով մեր դեմքերի դրական նշանները՝ աթոռը քաշում է նստում ու հայտարարում. «Եկել եմ ընդունեք, էլ տեղ չունեմ գնալու, ու՞ր գնամ, տեղ չունեմ, բարեկամ չունեմ, աշխատանք չունեմ, ոչ մեկին չեմ ճանաչում, դուք էլ մարդ եք, գաղութում բոլորը հարգում էին ձեզ, ձեր խոսքին հավատում, անտենա էին սարքել, ԳԱԼԱ-ն ցույց չէր տալիս, մի կերպ ձենը բռնել էին տղերքը, հիմա ինձ ընդունեք, ասեք՝ ինչ անեմ, մենակ թե չասեք՝ գնա գաղութ: Այո՛, կարծես գաղութն իմ տունն է, ես 37 տարի այնտեղ եմ անցկացրել իմ կյանքից, ավելին, քան ազատության մեջ եմ ապրել, բայց էլ չեմ ուզում...»:

Լ. Սիմոնյանը շատ դժվար ու դաժան կյանք է ունեցել, նա, ինչպես ինքն է ասում, «9 սրոկ նստել-ելել է»: Բայց այս մարդուն չէինք անդրադառնա միգուցե այսպես և վերաբերվեինք սովորական հանցագործի, եթե չիմանայինք, որ նրա կյանքի «փոթորիկները» սկսվել են Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանից, ուր ինքը ուսանել է 1970-ականներին: Իսկ այն ժամանակ, ինչպես պատմում են, ամեն մարդ չէ, որ կարող էր և ի վիճակի էր սովորել նման հեղինակավոր բուհում: Ահա թե ինչպես մարդու կյանքի կամ բախտի անիվը թարս է պտտվել, և ինչպես է մարդու մի ամբողջ ճակատագիր խեղվել ու խեղվում է:

«Ես Լյովա Սերգոյի Սիմոնյանս՝ ծնված 1956 թ-ին, ուսումս ավարտել եմ գերազանց՝ ոսկե մեդալով, ես ներկայացել եմ Մոսկվա Պլեխանովի անվան ինստիտուտ: Իմ գիտելիքներով ես ընդունվել եմ ինստիտուտ և սովորել եմ երկու տարի: Կարող եք վստահ լինել, որ սեփական ուժերովս եմ ավարտել, քանի որ ծնողներ չեմ ունեցել, ու ուրիշներն են ինձ խնամել: Մինչ այդ ես ամուսնացել եմ, կինս սփյուռքահայ մեծահարուստ Գալուստ Գյուլպենկյանի թոռնուհին էր, ես ունեի մի տղա, կինս հղի էր երկրորդ երեխայով: Ես այնքան երջանիկ էի, ու իմ երջանկությունը վերջակետվեց 1977 թ-ին»:

Լ. Սիմոնյանի հետ խոսելիս մի պահ մոռանալ կարելի է նաև, որ ինքը գաղութից է դուրս եկել և կյանքի մեծ մասն անցկացրել է անազատության մեջ: Հասնելով երեխաներին և կնոջը՝ նա երեխայի պես արցունքով լաց եղավ և խնդրեց, որ ձայնագրությունը դադարեցնեմ ու իրեն մենակ թողնեմ...

Հետո պատմեց, որ 1977 թ-ին, երբ Մոսկվայում էր, պայթեցրել են Մոսկվայի մետրոպոլիտենը, որը հայտարարում են, որ հայերն են արել: «45 հոգի մահացավ, 100-ից ավելը վիրավորվեցին, և երբ Մոսկվան հայերի դեմ հարձակում հայտարարեց, ինձ իմ ինստիտուտի դիմաց 24- ով՝ Վոլգայով, վերցրին ու տարան ԿԳԲ, ընդամենը՝ դու հա՞յ ես, գնացիր, ու մետրոյի համար, ասացին, ձեր ազգը շատ պիտի վճարի: Առանց դատի ինձ նստեցրին իբր նեգրի սպանության համար: Վախեցրին, թե նույն բանը կլինի ընտանիքիդ հետ, եթե ինչ-որ բան պատմես, և ես ավելի քան 3 տարի անհայտ կորածների ցուցակում՝ «ռոզիսկի» տակ եմ գտնվել, մերոնք իմ տեղը չեն իմացել, իսկ ինձ ուղարկել էին գաղութ՝ 13 տարի ստրոգի ռեժիմ»:

Պատմում է, որ սթրես է տարել և հենց գաղութում դարձել հանցագործ՝ սպանելով կամավորներից մեկին:

18 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո Լ. Սիմոնյանը 1991-ին ազատության մեջ է հայտնվել և իմացել, որ երկրաշարժից կորցրել է ամբողջ ընտանիքը պահող ծնողներին, կնոջը, զավակներին: Որոշել է սկսել նոր կյանք, բայց այս անգամ մահացել է նաև երկրորդ կինը, և նա այդ ժամանակ նորից վերադարձել է գաղութ:

Եվ այսպես, 2005-ից հետո անընդհատ ազատազրկվում և ազատության մեջ է հայտնվում՝ ամեն անգամ համոզվելով, որ հասարակությունը նրան չի ընդունում:

«Ամեն անգամ արցունքներով դուրս եմ գալիս բերդից, բայց հիասթափվում, ես գործ եմ ուզում, իրանք «պլան» են գցում ջեբս, ուղարկում հետ՝ գաղութ...»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել