
«Ջերմուկի գինը հստակ քայլերով մոտենում է հեղուկ վառելիքի գնին»… Սա զառացանք չէ , այլ դառը իրականություն: Գազի թանկացման հետ կապված, թե անկախ դրանից, Հայաստանում գրեթե ամեն ապրանքի մեջ նկատվում է սրընթաց գնաճ: հուլիսի 7-ից սկսած, այսինքն, երբ գազը և էլեկտրոէներգիան օֆիցիալ թանկացան, թե՛ ապրանք արտադրողների, թե՛ ներմուծողների, թե՛ հասարակական սպասարկում իրականացնողների որոշակի կատեգորիայի համար դա դարձավ ոչ թե պատճառ, այլ առիթ` օգտվելու ստեղծված հնարավորությունից: Օրինակ, երբ տաքսիստը հայտարարում է, որ մինիմալը արժեքը մնում է նույնը, բայց առաջվա նման նա չի սպառվում 5 կիլոմետրից, այժմ սպառվում է երեք կամ մաքսիմում չորս կիլոմետրից, ես դա համարում եմ նորմալ, քանզի այսօրվա տաքսիստների գերակշռող մասը միանշանակ օգտվում է գազից, իսկ գազը, ինչպես նշեցինք, թանկացել է: Բայց, ինչպե՞ս է բացատրվում այն հանգամանքը, որ վերնաշապիկը, որը ինձ վաճառողը դեռ հուլիսի մեկին առաջարկում էր գնել 10000 դրամով, այսօր դարձրել է 15000 դրամ, այսինքն 50 տոկոսով ավել նախկին գնից: Նույնը երեխաների խաղալիքների պարագայում և այսպես շարունակ: Ես հասկանում եմ՝ այս տողերը կարդացողներից շատերը կարող են ասել. «Բա, ի՞նչ էիր ուզում, ամեն ինչ կախված է էներգակիրների գներից»: Բայց այդ դեպքում հարց է առաջանում. Միթե՞ էներգակիրները թանկացել են 50 տոկոսով: Այս ամենից կարելի է գալ եզրակացության. բացառված չէ, որ եթե պատկամ մարմինները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն այս ուղղությամբ, ապա այս տեմպերով գնաճը կկրի տարերային կործանարար բնույթ: Այստեղ ևս մեկ հարց է ծագում. այն«կոպեկները», որ կառավարությունը «նվիրաբերում» է մինիմալ աշխատավարձի տեսքով, համահո՞ւնչ է այս տարերային գնաճին, թե՝ ոչ: Միգուցե անհրաժեշտ է մինիմալ աշխատավարձի սանդղակը բարձրացնելու հետ մեկտեղ վերահսկել նաև գնագոյացումը, դրանով իսկ իրականում նպաստել սովորական մարդկանց կենցաղին, այլապես այս պայմաններում բացառված չէ, որ գնաճի հետ ուղղիղ համեմատական կաճի նաև արտագաղթը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=23806