
Galatv.am-ը գրում է.
«Զինդատախազն ինչ-որ բան շփոթել է, ես շատ ճիշտ հասցեով եմ ուղարկել իմ բողոքը, բողոքարկել եմ գլխավոր դատախազին, բողոքիս քննությունն էլ հանձնվել է զինդատախազին»,- այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում զինդատախազության հաղորդագրության վերաբերյալ իր տեսակետն է հայտնում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ երեկ զինդատախազությունը հաղորդագրություն էր գրել իր կայքում այն մասին, որ 20.06.2013թ. Արտակ Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող: Դատախազությունը, օրենքով սահմանված ընթացակարգով անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին:
10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում: Դատախազությունը գրում է, որ քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Վերջինիս բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 103-րդ հոդվածով, քննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվյալ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրերս մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, որը Սուրեն Խաչատրյանը հերքել է, փորձեցինք Ալումյանից պարզել իրականությունը, ով ևս մեկ անգամ հաստատում է, որ, այո, Տիգրան Խաչատրյանի արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ, միևնույն ժամանակ նշելով, որ օրեր առաջ ինքը եղել է ոչ թե այդ տեղեկությունը տարածողը, այլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ մամուլում լայնորեն շրջանառվելիս է եղել տեղեկությունը, լրագրողի հարցին պատասխանելով՝ ինքն ուղղակի հաստատել է դա:
Ալումյանից փորձեցինք պարզել նաև, թե ի վերջո ինքն ունի՞ այլ տեսանյութ, որը կապացուցի իր պաշտպանյալի անմեղությունը, և եթե ունի, ինչո՞ւ հենց իր պաշտպանյալի շահերից ելնելով այն չի ներկայացնում նախաքննական մարմնին, որին Ալումյանը պատասխանեց, որ իր ձեռքում չկա տեսանյութ, սակայն ինքը գիտի, որ կա մեկ այլ տեսանյութ, որը, իր կարծիքով, ունի զինդատախազությունը: Ալումյանը ասում է, որ տեսագրության բովանդակությունը իրեն լավ հայտնի է, սակայն չի ցանկանում ասել, թե ինչ եղանակով է ծանոթացել դրան:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ