Lragir.am-ը գրում է.

Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստին դատավոր Դավիթ Հարությունյանը մասնակիորեն բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի միջնորդությունը և որոշեց վկայության հրավիրել Վահե Ավետյանին բուժած բժիշկ, Մուրացանի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Արման Հակոբյանին:

Տիգրան Եգորյանը միջնորդել էր դատարան հրավիրել Ավետյանի բուժման հետ առնչություն ունեցած մի քանի բժիշկների, սակայն դատավորը գտավ, որ այս միջնորդությունն անհիմն է: Իսկ Ավետյանի բուժած բժիշկ Արման Հակոբյանին հրավիրելը դատարանը բացատրեց նրանով, որ Տիգրան Եգորյանի փաստաբանական հարցմանն ի պատասխան`բժիշկը ներկայացրել է որոշակի տեղեկություններ Ավետյանի` հոսպիտալ հասնելու և այլ հանգամանքերի մասին, ինչպես նաև  նա առնչություն է ունեցել տուժողների հետ և նրան կարող են հայտնի լինել հավելյալ հանգամանքներ:

Փաստաբան Տիգրան Եգորյանը, սակայն, նշեց, որ բժշկին միայն այդ մասով հրավիրելը որոշակիորեն ուղղորդում է դատարանի կողմից, քանի որ գլխավոր հանգամանքը ոչ թե հավելյալ հանգամանքներին տեղյակ լինելն է, այլ  փաստաբանական հարցմանն ի պատասխան բժշկի տված եզրակացության մեջ առկա հակասությունը դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ:

«Ուշագրավ է, որ Արման Հակոբյանին դատակոչելով, դատարանը փորձեց սահմանագծել, թե ինչ շրջանակներում և ինչի  համար է դատակոչվում նա, սա մի փոքրիկ հնարամտություն է դատարանի կողմից. դատավորն ասում է հարցաքննել բժշկին այն մասով, որ հնարավոր է տուժողները առնչություն ունեցած լինեն նրա հետ և հայտնած լինեն տեղեկություններ գործի հանգամանքների վերաբերյալ, դատարանը, կարծես, փորձում է ամեն կերպ շեղել այդ հարցաքննության բուն իմաստը», ասաց փաստաբան Եգորյանը և նշեց, որ  հնարավոր է դատարանը հաջորդ նիստին հանի բժշկին ուղղված այն հարցերը, որոնք կվերաբերեն դատաբժշկական եզրակացությանը.

«Սա պարզ կդառնա հաջորդ նիստին, սակայն ակնհայտ է, որ դատարանը սահմանափակում է վկայի հարցաքննության շրջանակը», ասաց Տիգրան Եգորյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել