Վերջին շրջանում Եվրամիության և Եվրասիական միության երկընտրանքի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններն ու հարցազրույցները արդեն միստիկական երանգներ են ստանում: Պետությունների և նրանց խմբերի միջև պարզ տնտեսական հարաբերություններ զարգացնելու հարցը մեզ հատուկ ոճով դարձրել ենք հայկական հարց: Չենք նկատում անգամ,որ այդ երկընտրանքը ավելի շատ մենք ենք ստեղծել, քան մեզ պարտադրվում է: Իհարկե, Եվրամիության այս կամ չինովնիկն ու «ուղնուծուծով» հակառուս երկրների ղեկավարներն ասում են` «տարբերակ չկա, պիտի ընտրեք մեկնումեկը»: Նույն ոգով, ինչպես միշտ կրկնօրինակելով արևմտյան քաղաքական վարքագիծը, բայց սառը զենքի տիրակալին բնորոշ առանձնահատկությամբ ռուս այս կամ այն վերլուծաբանը և չինովնիկը ասում է նույնը` «տարբերակ չկա, պիտի ընտրեք մեկնումեկը»:

Սակայն մեզ չի բավարարում, որ թե եվրոպական, թե ռուսական կողմերի իրական քաղաքական պատասխանատուները, բարձրագույն ղեկավարությունը, օրենքով լիազորված պաշտոնյաները երբեք նման հայտարարություններ չեն անում: Իսկ ինչո՞ւ չեն անում: Որովհետև, ինչպես ասաց օրերս Ֆյուլեն, դա անհեթեթություն է: Բայց քանի որ կողմերը ի դեմս մեզ ունեն «պանիկյոր», քանի որ ամեն օր ներշնչում ենք, որ մեզ երկընտրանքի առաջ են կանգնեցրել, իրենց այս կամ այն ռանգի քարոզիչներով ազդում են հասարակական կարծիքի վրա, որն իր հերթին պետք է ազդի այս կամ այն կողմին ավելի շատ գերապատվություն տալու վրա: Սա քարոզչական ճնշում է, ոչ ավելին:

Իսկ ինչո՞ւ է քարոզչական և ինչո՞ւ անհեթեթություն, որ մեզ կանգնեցրել են երկընտրանքի առաջ: Շատ պարզ: Իրականում կան պետություններ, որոնք միաժամանակ լինելով մաքսային միության մեջ, ԵՄ հետ կնքել են Ասոցացման և Ազատ առևտրի մասին պայմանագրեր: Կան մի շարք պետություններ, որոնք ԵՄ հետ ունեն ազատ առևտրի պայմանագիր, միայամանակ այլ մաքսային միության ասոցացված անդամ են:

Եթե բարձր պաշտոնական մակարդակով ասվի, որ անհնար է, որ Հայաստանը լինի ազատ առևտրի գոտու մեջ ԵՄ հետ ու միակաժամանակ որևէ այլ, հատկապես մաքսային միության մեջ որևէ ձևաչափով մասնակցի, ապա ստիպված պիտի լինի պատասխանել, թե ինչպես է դա հնարավոր այն մի քանի պետությունների հետ, որոնք տարիներ առաջ ԵՄ հետ ունեն նման ինտեգրացիոն պատմություն:

Մանրամասների մասին կխոսեմ հետո, երևի մի առանձին հոդվածով: Իսկ մինչ այս ուղղակի պետք է փաստել, խոսքը ընդամենը տնտեսական հարաբերություններ խորացնելու մասին է: Նույնքան անհեթեթություն է, որ, օրինակ, Հայաստանը տնտեսական հարաբերությունները խորացնելու պայմանագիր կնքի Վրաստանի հետ և դա նշանակի Իրանի հետ հարաբերությունների դադարեցում, որքան ԵՄ հետ պայմանագիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով:

Սա արդեն ինֆորմացիոն անվտանգության հարց է դառնում: Մենք ինքներս մեզ գիտակցաբար պատել ենք իլյուզիաներով` առիթ տալով այլոց խաղալ մեր իսկ հորինած խաբկանքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել