Էս Ոսկե ծիրանը տասներորդն ա, տաս տարի առաջ ոչ մի Ոսկե ծիրան էլ չկար, ոչ միայն չկար, այլ եթե նման բան ասեիր` որ Երեւանում կարող ա միջազգային բարձր մակարդակի կինոփառատոն լինի, վրադ կծիծաղեին ու կասեին որ դու շատ վառ երեւակայություն ունես: Հետո փառատոնը հիմնադրվեց ու փաստ դարձավ, բայց առաջին տարիներին սկեպտիցիզմը շարունակվում էր, տիրապետողը քննադատությունն էր, ավելի ճիշտ` ոչ թե քննադատությունը, այլ փնթփնթոցը, որ երբեմն ձեռառնոցիի էր վերածվում: Բայց էդ ամեն ինչն արդեն անցյալում ա, Ոսկե ծիրանն արդեն կայացել ա, ու բոլորն են տեսնում, որ մենք միջազգային բարձր մակարդակի էս կինոփառատոնը ունենք, տասը տարի առաջ չունեինք, իսկ հիմա ունենք: Բա ո՞նց եղավ:

Ես կինոաշխարհին մոտ մարդ չեմ, փառատոնի ստեղծման մանրամասները չգիտեմ, բայց անկհայտ ա որ դրանում որոշիչ դեր ա խաղացել մեկ մարդ` Հարություն Խաչատրյանը, որը նախ որպես ռեժիսոր հայտնի դարձավ միջազգային ասպարեզում, հետո նախաձեռնեց էս հրաշք թվացող գործն ու իրագործեց` դարձրեց իրականություն: Ոչ մենակ իհարկե, բայց մեկ ա` որոշիչ դեր խաղացողն ինքն էր:

Ինչու եմ սա ասո՞ւմ: Որովհետեւ բոլորիդ ա հայտնի ներկա Հայաստանում տիրապետող ծանր հոգեբանական մթնոլորտը, երբ որ շատերին թվում ա` ոչ մի բան փոխել հնարավոր չի, իսկ սա` էս Ոսկե ծիրանը, հենց փաստացի օրինակն ա նրա, թե ոնց ա հնարավոր չեղած տեղից բան ստեղծել, թե ոնց ա հնարավոր երկրում, որը ուժեղ կինո չունի, որտեղ անգամ կանոնավոր կինոարտադրություն չկա, ստեղծել միջազգային լավ կինոփառատոն:

Գիտեմ, մարդիկ կլինեն, որ կասեն` բերածս օրինակը մշակույթին ա վերաբերում, իսկ նշածս անհուսության պատճառը քաղաքական ա: Բայց իմ հաստատ համոզմամբ` մշակույթը նույնպես քաղաքական գործոն ա Հայաստանում, ու կարեւոր գործոն: Էն լավ ֆիլմերը, հաճախ` աշխարհի լավագույն ֆիլմերը, որ կան Ոսկե ծիրանի ծրագրում, իհարկե էսօրվա պայմաններում առանց փառատոնի էլ հնարավոր էր նայել` առցանց կամ դիվիդիով: Բայց փառատոնը ստեղծում ա մթնոլոտ, էդ լավագույն ֆիլմերը դահլիճում միասին դիտելու` հանրային դիտման մթնոլորտ, որը շատ կարեւոր բան ա` հենց քաղաքական իմաստով:

Ու եթե գտնվեց էն մարդը, որ հիմնադրեց էս փառատոնը, ուրեմն ինչո՞ւ չմտածել, որ վաղը կգտնվի նաեւ էն մարդը, որի նկարածը` մեր ու մեր կյանքի մասին, կդառնա հենց էն ֆիլմը, որը կնայենք բոլորս միասին` մեր երկրի մեծ ու փոքր դահլիճներում, ու կհասկանանք որ բոլորով դրան էինք սպասում, չնայած չգիտեինք էլ էդ մասին: Ու կհասկանանք նաեւ որ էս կյանքում ամեն ինչ հնարավոր ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել