
1in.am-ը գրում է.
Շուրջ երկու ամիս է, ինչ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գևորգյանը տեղեկացրեց, որ մրցույթով հետաքրքրվել են նաև արտերկրում բնակվող ազգությամբ հայ ճարտարապետներ: «Ուստի, քանի որ Հանրապետության հրապարակը համայն հայության հրապարակն է, կարող են մասնակցել նաև սփյուռքահայ ճարտարապետները»,- նշեց Արթուր Գևորգյանը՝ հստակեցնելով, որ օտարազգիներ մրցույթին չեն կարող մասնակցել:
Վերոնշյալ պայմանի և հրապարակի վերակառուցման անհրաժեշտության շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց հայտնի ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հետ: Վերջինիս կարծիքով, ներկայումս Հայաստանի Հանրապետության հրապարակը շատ պաշտոնական, արարողակարգային, ժողովրդի հետ կապ չունեցող հրապարակ է, իր բովանդակությամբ ժողովրդավարական չէ, և անհրաժեշտ է հրապարակն այնպիսին դարձնել, որ ժողովուրդը կարողանա օգտվել այս հրապարակից: Ըստ ճարտարապետի՝ այն պետք է դառնա զբոսավայր, հանգստավայր, իսկ այսօր Հանրապետության հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի` իր բոլոր բացասական ազդեցություններով։ Ուստի, նրա համոզմամբ, այն պետք է իսկապես վերակառուցվի՝ իրական հրապարակ դառնալու և հանրությանը ծառայելու համար:
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի կարծիքով՝ կարևոր է, որ Հայաստանում բնակվող ճարտարապետները մասնակցեն մրցույթին, որովհետև նրանք աշխատանք չունեն, աշխարհի մյուս երկրներում չեն կարողանում աշխատել, գործ գտնել: «Բայց այլազգի ճարտարապետներ ևս կարող են մասնակցել, և այդ համագործակցությունը կարող է բավականին հետաքրքիր լինել, քանի որ այլ գաղափարներ կարող են ծնվել և իրականացվել հայ ճարտարապետների կողմից»,- ասաց նա: