
Times.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը դեռևս հուլիսի մեկին հաղորդագրություն էր տարածել, որ Երևանի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ:
Ըստ հաղորդագրության, վճարովի ավտոկայանատեղերի հսկողության ավտոմատացման և ավտոկայանատեղերի տուրքի անկանխիկ հավաքագրման հիմնական իմաստը մայրաքաղաքում ավտոկայանատեղիների քաղաքակիրթ գործունեության ծավալումն է:
Սակայն վարորդները հիմնականում դժգոհ են նոր կարգից: Կարմիրով գծանշված տարածքներում մեքենաները կայանած վարորդների հետ զրուցելով հասկացանք, որ նոր կարգը հատկապես անհանգստացնում է տաքսու վարորդներին:
«Շատ դժգոհ ենք: Մենք պետական մուծում ենք անում տաքսի քշելու համար, մի հատ էլ պիտի կայանելու համար վճարե՞նք: Գոնե տաքսիներին վերապահումներ անեն»,- առաջարկում է տաքսու վարորդ Արսեն Ստեփանյանը: Նա ասում է, որ տաքսին պետք է տեսանելի վայրում կանգնի, որպեսզի հաճախորդներ «հավաքի», իսկ բոլոր «հարմար» վայրերը գծանշված են: «Քաղաքապետարանն էր պայքարում, որ ոչ մեկ չկանգնի, 100 դրամ չվերցնի, հիմա իրենք են ամեն մետրը վճարովի դարձրել»,- դժգոհում է վարորդը:
Անհատական մեքենա ունեցողներն էլ դժգոհում են, որ իրենց շենքի կամ գրասենյակի մոտ մեքենան կանգնեցնելու համար ստիպված են վճարել: Քիչ չեն նաև նոր կարգին անտեղյակ քաղաքացիները: Նրանցի մեկը նշեց, որ այժմ, երբ մեզանից տեղեկացավ կարգի մասին, չի բողոքում: «Չգիտեմ մյուսները ոնց, բայց ինձ չի խանգարում»,- ասաց նա:
Ռոբերտ Ավանեսյանը, ով նույնպես տաքսի է քշում, վրդովված նշեց, որ «տանեն, գնդակահարեն էլ, պիտի աշխատենք, բա ի՞նչ անենք»: Նա նաև դժգոհեց, որ չի էլ պատկերացնում, թե ինչպես է sms-ների ձևով գումարը մուծելու:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ