Ինձ համար հարմարավետության, հանգստության, ապահովության ու ջերմության լիարժեք վիճակը երևի էն է, երբ ամբողջ ընտանիքով տանն ենք։ Էդ վիճակն ինձ միշտ էնքան ճիշտ է թվացել, որ մտածում եմ՝ ամեն դեպքում աշխատելը չպիտի մարդու ամբողջ օրը խլի։ Գիտեմ, որ հակաճառողներ շատ կլինեն, բայց ինձ համար ինչ–որ շատ սխալ բան կա էս համակարգի մեջ, որի համաձայն մարդ պիտի առավոտ շուտ գնա աշխատանքի ու միայն երեկոյան տուն վերադառնա, այսինքն՝ ընտանիքի հետ լինելու համար ընդամենը մի քանի ժամ ունենա մինչև քնելը։ Դեռ մարդիկ կան, որ կախված աշխատանքի բնույթից ու ժամերից՝ էդքանն էլ չունեն. մինչև տուն են գալիս, ընտանիքի անդամները կամ նրանց մի մասն արդեն քնած են լինում։ Եղած մի քանի ժամն էլ որ մնում է, մարդիկ հաճախ էնքան հոգնած են լինում, որ դա էլ ընտանիքի հետ լիարժեք անցկացրած ժամանակ չես անվանի։ Իսկ շաբաթն ու կիրակին շատ քիչ են։ Էլ չեմ ասում, որ ոմանք նույնիսկ շաբաթ–կիրակի են աշխատում։

Փաստորեն, ընտանեկան կյանքի էն բաղադրիչները, որոնք, առնվազն իմ պատկերացմամբ, պիտի որ ամենօրյա սովորական երևույթներ լինեին, ստացվում է, որ շատ դեպքերում տոնի պես բան են դառնում, ինչպես, ասենք, ընտանիքով ինչ–որ տեղ, թեկուզ զբոսնելու գնալը, միասին ֆիլմ նայելը, խաղեր խաղալը, ճաշելը կամ ուղղակի միասին տանը լինելը, թեկուզ ամեն մեկը մի բանով զբաղվի։ Ինձ համար ուղղակի էդ ամբողջ ընտանիքով լինելու վիճակն էնքան ճիշտ է, որ դրա ցանկացած երկարատև խախտում արդեն աննորմալ երևույթ է։ Իսկ օրվա կեսն ինձ համար արդեն ահագին երկար է։ :D Ու էս պատկերացումը դեռ մանկուց եմ ունեցել։ Միշտ էլ լիարժեք կոմֆորտի զգացողություն ունեցել եմ միայն էն ժամանակ, երբ ընտանիքիս բոլոր անդամները միասին են եղել։ Տանը լինելու դեպքում ապահովության զգացողությունն է ավելի մեծ, բայց էստեղ կարևորը միասին լինելն է։ Հատկապես մեծ ընտանիքի դեպքում է դա հավես։

Չնայած ուրիշ շատերի համեմատ ամուսնուս աշխատանքն էնպիսին է, որ ահագին տանն է լինում, բայց դե, մեկ է, քիչ է։ Իմ պատկերացրած իդեալական վիճակում մարդու՝ աշխատավայրում անցկացրած ժամանակը մոտ չորս–հինգ ժամից ավել չպիտի լինի, կամ ուղղակի պիտի ազատ գրաֆիկով աշխատի, շատ դեպքերում՝ տնից։ Իհարկե, պարզ է, որ ոչ բոլոր աշխատանքները կարող են ազատ գրաֆիկով լինել։ Համենայնդեպս, կուզենայի, որ իմ ընտանիքում էդպես լիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել