
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Իմ կարծիքով յուրաքանչյուր ժողովրդի, ազգի վարքագիծը, կերպարը, պահելաձևը կարծես թե երևում է նրա տոնակատարությունների կամ երթևեկության կազմակերպման մակարդակից: Գուցե շատերին պարզունակ թվա այդ համեմատությունը, բայց ես մեր երթևեկությունը համարում եմ մեր ժողովրդի, պաշտոնյաների, գործարարների, քաղաքացիների, բոլորի վարքագծի արտացոլանքը…
Անկազմակերպ, խառնափնթոր, անտրամաբանական, անկանխատեսելի, կամայական, լկտի, վտանգավոր երթևեկությունը` թե’ հետիոտնի, թե’ ավտոմեքենաների կողմից: Շատ հանգիստ, արհամարելով հաստատված կարգը, կարող են փողոցը հատել որտեղից ուզեն, ինչպես ուզեն, մոռանան իրենց քթի տակի անցումները, ալարեն մի երկու քայլ անել: Ավտոմեքենաները վազանց կատարեն, վերադասավորվեն շատ հաճախ առանց լուսաթարթիչների, հասնելով գրեթե խաչմերուկ, հատեն հոծ գիծը, դուրս գան հանդիպակած գոտի, ստեղծեն վթարային իրավիճակ, <<սավառնեն>> մեծ արագությամբ, սլալոմիստի նման` վտանգելով մյուս քաղաքացիների կյանքը…Միևնույն ժամանակ նկատելով դիմացինի խախտումը, սխալը` գոռգոռալով, հայհոյանքով, վիրավորանքով, ազդանշանով կարգի հրավիրեն: Սակայն, անպայմանորեն մոռանան, չնկատեն, չզգան սեփական խախտումը…
Նույն իրավիճակը բնականաբար իհարկե կյանքում է, մեր հարաբերություններում, մեր գործողություններում, մեր արարքներում…Նույն խառնաշփոթը, նույն կամայականությունները, նույն զոռբայությունը, նույն հարաբերությունները…
Անում են այն ինչ ուզում են, ինչ իրենց պետք է տվյալ պահին, ինչն իրենց հարմար է, ինչն իրենց նեղություն չի պատճառում, ինչը կնպաստի իրենց գործը առաջ տանելուն…
Ձեզ ինչ է թվում, հիմա կան մարդիկ, որոնք կարող են աչքեր լինել կույրերին, ոտքեր լինել կաղերին, հայր աղքատներին, սփոփանք սգավորներին?...Կարող են հասցնել անիրավի մռութին, սատարել անօգնականին, խեղճին և անկաշառ դատել ու գործել?...
Իմ կարծիքով ոչ, հազիվ թե’…Կամ գուցե եթե կան, ապա շատ քիչ են...