1in.am-ը գրում է.
Հայաստանի անվտանգության երաշխիքը հենց Հայաստանն է: Հայաստանը միշտ պետք է ապավինի իր ուժերին, որովհետև Եվրոպան կամ Ռուսաստանը Հայաստանի անվտանգությունը չեն ապահովելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը՝ խոսելով Հայաստանի առջև ծառացած երկընտրանքի մասին:
Արկադի Կարապետյանն ասաց, որ Հայաստանն արտաքին անվտանգության խնդիր չունի, ինչպես պնդում են շատերը: Ըստ նրա՝ այդ անվտանգությունը հենց Հայաստանում է, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ մենք դրսից ապահովություն չունենք: Արկադի Կարապետյանը հիշեցրեց այն հայտնի ասացվածքը, որն անգլիացիներն էին ասել, թե իրենց նավերը չեն կարող հաղթահարել Կովկասյան լեռները:
«Հայաստանը որտեղ էլ մտնի, մի լավ բան չի լինելու իր համար: Ես չեմ ասում, թե արտաքին ուժերի հետ հարաբերություններ չպետք է ունենալ: ԵՄ-ն Սովետմիության նման է: Ի դեպ, այդ մասին ես չեմ ասել, այլ ասել է Չեխիայի առաջին նախագահը: Ես ԵՄ-ում լավ բան չեմ տեսնում, Հունաստանը և մի շարք այլ երկրներ, որոնք ԵՄ անդամ են, քանդվում են: ԵՄ-ն իր անդամ պետությունների անվտանգությունն ու բարեկեցությունը չի կարողանում ապահովել, ինչպե՞ս պետք է դա անի Հայաստանի դեպքում: Մենք ի՞նչ ենք այնտեղ անելու: Ո՞ւմ է պետք այն արդիական համակարգը, որը բերում է նրան, որ ժողովուրդը սոված մեռնում է: Եվրոպական արժեքային համակարգն ինձ մտահոգում է, որտեղ կան չափազանց մեծ ազատություններ:
Մեր տեղը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպայի կողքին է, այլ հենց մեր: Մենք բոլոր երկրների հետ էլ պետք է նորմալ հարաբերություններ ունենանք, բայց արժեհամակարգը պետք է հայկական լինի, եթե չենք ցանկանում կործանվել: Եթե չենք ուզում հայ մնալ, ինչո՞ւ Եվրոպա, թուրքերն ավելի մոտ են, կարելի է միանգամից թուրք դառնանք, բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց Արկադի Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստան-որբի գլխին բոլորն ուստա են դարձել, Եվրոպան իր որբերին չի կարողանում տեր կանգնել, ինչպե՞ս կարող է Հայաստանի անվտանգությունն ապահովել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն գործընթացներին, ապա դրանց ևս պետք չէ ուշադրություն դարձնել: «Եթե Ռուսաստանը մեր թշնամիներին զենք է վաճառում, ո՞վ է նա մեզ համար. տվյալ պահին թշնամի է: Իսկ եթե Ռուսաստանը թշնամի է, ռուսական ռազմաբազան մեր տարածքում ի՞նչ գործ ունի: Ես կողմ եմ, որ այդ հարցը լուրջ քննարկվի և ճիշտ որոշում ընդունվի»,- ասաց Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարը: Վերջինիս դիտարկումների համաձայն՝ ռուսները նման կերպ են վարվում հայերի ու վրացիների հետ, վրացիներն իրենց հարցերը լուծեցին, մնացին հայերը:
Լուսանկարը՝ Mediamax-ի



