
1in.am-ը գրում է.
Իսրայելի մարդասիրական «Բթսելեմ» կազմակերպությունը երկրի բանակին մեղադրել է 5-ամյա պաղեստինցի տղային ձերբակալելու մեջ: Նրան ձերբակալել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Հևրոն քաղաքում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Բթսելեմ»-ի տվյալներով, զինվորները ձերբակալել են 5-ամյա Վադի Մասվադեին և տուն ուղեկցել: Այնտեղ նրանք կապել են երեխայի հոր աչքերն ու ձեռքերը և կես ժամից ավելի տանը պահել: Ապա զինվորները հորը և որդուն տարել են Հևրոնում գտնվող ոստիկանական տեղամաս, որտեղ նրանց հանձնել են կարգուկանոնի պաղեստինցի պահապաններին:
Մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծում են, որ զինվորներն իրավունք չունեն ձերբակալելու 12 տարին չլրացած երեխաներին: Ավելի ուշ 5-ամյա Մասվադեն խոստովանել է, որ քարեր է նետել շան ուղղությամբ, սակայն դրանք դիպել են ավտոմեքենային: