
Երբ ի հայտ եկավ Պուտին «ֆենոմենը» շատերը նրան սկսեցին համեմատել Մեծն Պետրոս արքայի հետ: Անշուշտ սկիզբը խոստումնալից էր, նա միանգամից կոտրեց ռուսական դասական կառավարման մեջ, արգելակ հանդիսացող բոլոր խանգարիչ կարծրատիպերը: Նրան շատ կարճ ժամանակամիջոցում հաջողվեց առաջ քաշել և լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք մինչ այդ անլուծելի էին համարվում: Նա ի սպառ վերացրեց Չեչնիայի հետ պատերազմը: Կարծես, թե ոչինչ նրան չէր խանգարում շարունակել այս ճանապարհով գնալ, բայց արի ու տես, նա կանգ առավ, փոխեց իր վերցրած կուրսը, դրա մասին են վկայում միլիոնավոր ռուս քաղաքացիների աճող դժգոհությունները: Ըստ նրանց՝ Ռուսաստանում ընդհանրապես դեմոկրատական արժեքներ չկան և եթե Պուտինը հիմա, ինչ-որ տեղ նման էլ է Պետրոսին, ապա միայն նրա վատ կողմերով, խոսքը արքայական դիկտատուրայի մասին է: Սովորական քաղաքացին գտնում է, որ Պուտինը կուլ գնաց շքեղությանը և նրա ահռելի կապիտալը դրա վառ ապացույցն է: Նա կամաց-կամաց վերածվում է միանձնյա տիրակալի: Օրինակ` հեռու չգնանք, դեռ մի քանի օր առաջ ռուսական մամուլը տարածեց, որ երկու հաղորդավարներ` Վլադիսլավ Սորոկինն ու Եկատերինա Վորոնինան լքում են ռուսական հեռուստատեսությունը՝ Պուտինի մասին հաղորդման չհեռարձակման պատճառով:
Ինչ վերաբերում է սոցիալական բնույթի ծրագրերին, առաջ այդ ծրագրերը բխում էին զուտ անապահովների շահերից, հիմա ՌԴ-ում նրանք ավելի շատ բխում են միջինից բարձր կատեգորիայի շահերից ելնելով: Եթե իր կառավարման սկզբնական փուլում օրենքի առաջ ՌԴ-ում բոլորը հավասար էին, ապա հիմա այնտեղ ամենևին էլ այդպես չէ, շատ խոշոր կապիտալի տերերը օր-օրի դառնում են անձեռնմխելի, քանզի ըստ ՌԴ-ի քաղաքացիների՝ նրանք այդ հարստությանը հասել են Պուտինի շնորհիվ: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնելու, որ թերևս ունենալով Պետրոսի կամայական հատկանիշների հետ որոշ ընդհանրություններ Պուտինը, այնումենայնիվ, շեղվեց Պետրոսի ուղիղ ճանապարհից, նա բռնեց խոշոր կապիտալի ճանապարհը: Իսկ այդ ճանապարհը չի կարող բերել ընդհանուր ՌԴ-ի զարգացմանը:
Հ.Գ Ի տարբերություն Պուտինի, Պետրոսը ապրում էր, որպեսզի ծառայեր Ռուսաստանին: Նա ապրելով շքեղ արքայական պալատներում ծաղրում էր այնտեղի շքեղությունը: Շքեղ կյանքը նրան շքեղության գերի չդարձրեց, նա հիրավի ՄԵԾՆ կոչվելու իրավունք ուներ…: