
«Հրապարակը» գրում է, թե օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն այդ դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ:
Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո եւ Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը: Պարզվում է` նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթեւ կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան: Քանի որ գյուղապետը եւս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսեւորումներ է ունենում:
Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է «զենք-զինամթերքի հանձնման օպերացիան»: Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անունները: Լրատվական ծառայությունից միայն հայտնեցին, որ այդ օրը բենզալցակայանում հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի հատկանիշներով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Կատարվում է քննություն: Այնպես որ, կրակոցներն ու կրիմինալը միայն Գյումրիում ու Սյունիքի մարզում չեն, Տավուշի մարզն էլ առանձնապես ետ չի մնում: