
1in.am-ը գրում է.
Վերջերս լույս է տեսել տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանի «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» վերնագրով գիրքը, որը, նրա խոսքերով, արտահայտում է իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած կարծիքների ամբողջականությունը: Այսօր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հրավիրած քննարկման ժամանակ Ռ․ Գիրագոսյանը կարծիք հայտնեց, որ ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդի զենք վաճառելը կարող է հավասարակշռություն փոխել, այդուհանդերձ՝ թեև Ադրբեջանին վաճառվել է հարձակվողական զենք՝ ռազմական առումով դեռ բավական չէ ուժերի հավասարակշռության վրա ազդելու համար: Նրա խոսքերով՝ Հայաստանն ակնհայտորեն առաջ է և լավ պատրաստված:
Բանախոսի կարծիքով՝ Ռուսաստանը բացահայտորեն շահագործում է չլուծված կոնֆլիկտը և աճող լարվածությունը, որպեսզի շարունակի ամրապնդել իր իշխանությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում․ «Այս առումով, Ռուսաստանը դարձել է ոչ միայն Ադրբեջանի գլխավոր զենք մատակարարողը, այլ նաև շարունակում է ընդլայնել իր ռազմական աջակցությունը և համագործակցությունը Հայաստանի հետ»։
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ԼՂ-ում ստատուս-քվոյի ինչ փոփոխություն կլինի Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, և արդյոք սպառնալիքի տակ չի՞ հայտնվի դրանով Հայաստանի անվտանգությունը, Գիրագոսյանը պատասխանեց․ «Այն, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կփոխի ստատուս-քվոն, դա պարզ է, բայց՝ դրական ուղղությամբ, որովհետև Հայաստանը ստորագրում է, Ադրբեջանը՝ ոչ:
Հայաստանը ստաբիլ պետություն է տարածաշրջանում, ավելի ստաբիլ, քան մնացածները: Հետո կարծում եմ, որ Ասոցացման համաձայնագիրը ավելի է ամրապնդում անվտանգությունը՝ տալով առավելություններ։ Միևնույն ժամանակ չի վնասում ստարտեգիական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններին։
Ընդհանրապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խնդիրն այն է, որ կա հավասարակշռության բացակայություն՝ Հայաստանը Ռուսաստանին վերաբերվում է ոչ թե որպես իրական ստրատեգիական գործընկեր, այլ ենթակա պետություն, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը ավելի շատ կհարգի Հայաստանին Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո»: