Ու՞ր ես Վարդան Ղուկասյան` նախկին քաղաքապետ, ուրա՞նես Արտաշես Կարապետյան` Գյումրու քաղաքապետարանի դեռեւս մշբաժվար, Շուռա Ղազարյան ես` ինչ ես, սա՞ղ ես դեռ, դպրոցի դիրեկտորներ անձնվերագույն` պաշտոնի մեռած` 15 րոպեն մեկ, որ աշակերտներիդ ձեռը «Լեւոնը հայ չէ», Լեւոնի արյունը ստուգել է հարկավոր (իմ մասին էր խոսքը), եւ այլ պաստառներ տված բոցավառվռուն ելույթներ էիք ունենում, ո՞ւր եք Վանաձորի արծիվ ՀԿ-ներ եւ աննկուն հայեցի մարտիկներ, ուր եք դաշնակցականներ` երդված, պարող, նախկին ու բանահյուս, ո՞ւր եք քառորդ դրույքով հայրենասերներ` գրչակ, օրենսդիր, յուգենտ, երբ Ոսկե Ծիրանիդ ծիրին մեջ այնպիսի մի երկրի արտադրության ֆիլմ են ցույց տալիս հայոց ու Երեւանի սրտում, ինչպիսի ֆիլմերի դեմ 2012-ի ապրիլի 11-ին 12-ին եւ 16-ին Գյումրիում ու Վանաձորում «հուժկու» բողոքի ալիք էիք հանել Վանյանի, «Ասպարեզ» ակումբի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակները գրոհելով, թե` «կորչի Ասպարեզը», «կորչի Լեւոնը Բարսեղյան», «կորչի ՀՔԱՎ-ը», «կորչի Սաքունցը», զի թույլ էինք տվել ադրբեջանական ֆիլմ ցույց տալ մեր գրասենյակներում, որովհետեւ Հայաստանում մնացած բոլոր տեղերը փակել էին այդ ֆիլմերի առաջ, բայց խոսքի ազատություն էին հայտարարել օրենքներով:

Ձեն հանեք տղերք եւ … աղջկերք: Ոսկե Ծիրանը փառատոն չէ՞, թե՞ էնքան հայտնի չէ, որքան «Ասպարեզ» ակումբը, ՀՔԱՎ գրասենյակը, ես ու Արթուրն ենք հայտնի, էդքան չկա՞ Ոսկե Ծիրանը, յա: Թե՞ ատամներդ ցավում է, բերաններդ էլ ուռել է: Ելնեիք մի-մի բոցաշունչ ելույթ ունենայիք, ելնեիք հեռուստաբանավեճի կանչեիք փառատոնի կազմակերպիչներին ու հեռուստաեթերում փորձեիք անցնել-դառնալ վրեքով, ցույցեր անեիք արտոնված ու չարտոնված, գնայիք կազմակերպչին զարկող մի քանի ազատամարտիկ գտնեիք, տանեիք` թող չափալախեին այդ ազգադավներին, հետո ձվերով լղեին վրագլոխները, հետո, երբ կասեին, թե ադրբեջանական ֆիլմ չի ցուցադրվելու, ասեիք, կապ չունի` եկել հասել ենք ստեղ` մի բան պտի անենք. քարով զարկեիք Կինոթատրոնի շուշեքը ջարդեիք, ու մի քանի հոգու ոտուձեռ վնասեիք, որ հասկանայինք, թե պրինցիպի տղա եք, տղամարդ տղեք եք, հարգեինք, պատիվ էլ տայինք:

Գուցե հրամա՞ն չունեիք «հայրենասիրության», բայց ճիշտն ասած, պիտի կռահեիք, որ խայտառակ եք լինելու մի օր կանաչ, մի օր կապուտ լինելուց, նախաձեռնող ու նախահարձակ պիտի լինեիք, ոչինչ թող հետո վերից զանգեին ասեին` է՞ս ի~նչ պատմություն սարքեցիք, ո՞վ էր ձեզ նման բան հանձնարարել, որ խափանում եք փառատոնը, ասեիք` բայց, եթե չանենք, հայ ժողովուրդը մեզ սխալ կհասկանար, հետո, եթե վախեցնեին ձեզ վերից, ասեիք` գնա, քու տիրոջ մերն էլ ընտեղ, հայրենիքը հենց ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունից է մահանում…: Բան չէր լինի` կգայինք կողքերդ կկանգնեինք. ձեր ազատ արտահայտվելու իրավունքը լիակատար օգտագործեիք …

Կրկնեմ այն, ինչ ասացի 2012-ի ապրիլի 11-ին. «Ես ու Ասպարեզը առավոտ չենք կարող տղամարդ լինել, ցերեկը` էրեխով կնիկ, իրկունը` ազապ աղջիկ», թե սկզբունքներից վեր մի բան կա արժանապատվություն հավաստելու գործում, խփեք ինձ, անունս փոխեք: Ձեր սկզբունքայնությունը չտեսա` չերեւաց, իմ քաղցր ուծյուծյուծյուներ: Հմի էլ ուշ չէ, մի հայտահարություն արեք, բողոքի ակցիա սարքեք, օբշագ հավաքվեք, գրեք-ճժեք, քֆրտեք ադրբեջանական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրումը Ոսկե Ծիրան կինոփառատոնի 10-ամյակին, որ … ադրբեջանցիք սխալ չհասկանան ձեզ հանկարծ: Մոտիվացիա չկա՞, գուցե կմոտիվածվցվեք, երբ ասեմ, որ լավ են արել` ցույց են տվել փառատոնում ադրբեջանական ֆիլմ, որովհետեւ քաղքենիությամբ երկիր չեն պահում, հայրենասիրությունը պատվիրված կամ պատվիրակված չի լինում: Էլի չկատաղեցի՞ք, բա ոնց պիտի լինի` չէր արժանապատվության պաշտպանությունը, էլ ի՞նչ անեմ, որ ձեր հավաքական արժանապատվությունը պաշտպանած լինեմ:

Ես ստեղ եմ, դուք չկաք, ամոթ էղավ ձեզի, մի հատ գոնե ծլվլացեք, դե մի ծլնգոց հանեք` խնդանք, բլբուլ էիք կտրել …

Ազատությունն առեւտրի առարկա չէ, զգույշ կեղնիք պավառոտներին, 40 օրը վաղուց լրացել է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել