Lragir.am-ը գրում է.

Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երեւանում Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրին ընդառաջ Հայաստանը դրական քայլեր կատարել է, բայց մի շարք քայլեր էլ մնացել են ընտրությունների պատճառով, եւ հիմա, քանի որ դրանք հետեւում են, ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունը կոնկրետ գործերով ցույց տա Եվրոպայի հետ հարաբերության խորացման եւ բարեփոխումների շարունակության իր պատրաստակամությունը:

Եվրահանձնակատարը բավական պարզորոշ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը Եվրոպային քայլեր է պարտք, որոնք համաձայնել են հետաձգել ընտրությունների պատճառով, որպեսզի թույլ տան Սերժ Սարգսյանին չգնալ ավելորդ ռիսկի: Այսինքն, Եվրամիությունը Սարգսյանին ակնարկում է, որ նրան ազատել են ընտրական հոգսերի զգալի մասից, բայց չեն ազատել պատասխանատվությունից:

Այստեղ առաջանում է մի կարեւոր հարց: Իսկ ի՞նչ կանի Եվրոպան, եթե Սերժ Սարգսյանն այսպես ասած «գցի» նրան: Առաջին քայլն այն կլինի, որ Եվրոպան Հայաստանին կմերժի Ասոցացման եւ Ազատ առեւտրի հեռանկարը եւ չի տա իր խոստացած ֆինանսական աջակցությունը, որը կարող է ըստ տարբեր գնահատականների հասնել մինչեւ 1,5 միլիարդի:

Հայաստանի տնտեսության համար, որը գտնվում է գրեթե շնչահեղձ վիճակում, դա ինքնին չափազանց մեծ կորուստ կլինի, առավել եւս, որ Ռուսաստանը կարծես թե մտադիր էլ չէ ֆինանսապես հակառակ կողմից շահագրգռել Երեւանին եւ գործի դնել ոչ թե գայթակղելու, այլ պատժիչ ռեսուրսները:

Բայց, հարց է առաջանում, թե կգնա՞ Սերժ Սարգսյանը 1,5 միլիարդի համար ռիսկային լուծումների: Իսկ այն, որ խոսքը ռիսկային լուծումների մասին է, ոչ մի կասկած չկա, քանի որ Սերժ Սարգսյանից ակնհայտորեն պահանջվում է խոսքից անցնել գործի; Իսկ դա նշանակում է գործով ձեռնամուխ լինել կոռուպցիայի, օլիգարխիկ եւ մոնոպոլ տնտեսության հաղթահարմանը, այսինքն տրորել շատ մարդկանց ոտք, ովքեր յուրացրել են հանրային ռեսուրսները: Այսինքն, Սերժ Սարգսյանից պահանջում են գործով դուրս գալ համակարգի դեմ, ոչ թե խոսքով:

Մինչդեռ նա այսօր գործնականում զբաղված է օրինակ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Լիսկայի եւ նրա որդու արդարացման խնդիրներով: Եվ սա շատ խոսուն օրինակ կարող է լինել Ֆյուլեի եւ Եվրոպայի համար:

Սերժ Սարգսյանը արդեն գործով ցույց է տալիս, որ ամենեւին մտադիր չէ հանուն բարեփոխումների արդյունավետության, համակարգի դեմ կատարել առավել կոշտ քայլեր, դրանով համակարգը տրամադրելով իր դեմ եւ վտանգելով իր պաշտոնն ու իշխանության մասը:

Սերժ Սարգսյանն իր մասով իհարկե իրավացի է՝ նա հանրային լեգիտիմություն չունի, հանրությունը ժամանակի ընթացքում օբյեկտիվորեն ավելի մեծացնում է իր պահանջները եւ անվստահությունը նրա հանդեպ, եւ կարծես թե նույնն է անում Եվրոպան, ու Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ երբ օլիգարխիան համակարգի ներսում դնի նրան փոխելու հարցը, դրսից կլինի բավարար եւ օպերատիվ աջակցություն, եւ օլիգարխիան չի հասցնի իրականացնել հեղաշրջումը:

Արեւմուտքը նրան տվել է բանակի օգնությամբ դիմադրելու օրինական հնարավորություն՝ ի դեմս արտակարգ դրության մասին օրենքի, սակայն օլիգարխիան էլ պակաս շրջահայաց չէ եւ հասկանալով խնդիրը, զերծ մնաց ցնցումային տարբերակներով ֆորս-մաժոր առաջացնելու հեռանկարից, Սերժ Սարգսյանին թույլ չտալով հարցը լուծել բանակով:

Այդ առումով, Սարգսյանի տեխնոլոգիան՝ իշխանությունը տեղափոխել բանակի ու ոստիկանության վրա եւ ավելի անկաշկանդ խոսել օլիգարխիայի հետ, մնացել է կիսատ, արգելակվել է կամ չափազանց դանդաղել: Ավելին, ներկայում, նույն Լիսկայի գործով, որը  բավական խորհրդանշական եւ սիմպտոմատիկ է համակարգային բնույթի իմաստով, Սերժ Սարգսյանը փաստացի բանակի հաշվին տեղի է տալիս քրեաօլիգարխիային՝ Լիսկայի որդու գործով որպես մեղադրյալ ներգրավվում է բանակի գնդապետ, ընդ որում զինծառայողների համար դրական իմիջի եւ հեղինակություն ունեցող հրամանատար Արտակ Բուդաղյանին:

Մյուս կողմից, սա իհարկե լիովին տեղավորվում է Սերժ Սարգսյանի զիգզագի շրջանակում՝ երբ մի քայլ է կատարվում հանրային լեգիտիմությանն ուղղված, իսկ հետո մեկ այլ քայլ՝ ուղղված համակարգային լեգիտիմությանը:

Բայց, Եվրոպան ակնարկում է, որ զիգզագի ժամանակը գոնե իր համար սպառված է: Սակայն, արդյոք Ասոցացման համաձայնագրից եւ ֆինանսական օժանդակությունից զրկվելը Սերժ Սարգսյանի համար այն ռիսկային պատիժն է, որից նա կարող է վախենալ եւ վերջապես կատարել Եվրոպային խոստացած կոնկրետ բարեփոխումները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել