Ուզում եմ հասկանամ՝ մենք առհասարակ ունե՞նք առողջապահության նախարարություն, թե ոչ:

Նոր ընթերցեցի վերը նշված կառույցի հրապարակած հերքումն առ այն, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված երկու չինացիների մոտ կա «կորոնավիրուս» ախտորոշման կասկած, և հասկացա, որ կառույցում տիրող անգրագիտությունն ու սեփական անկարողությունը ծածկադմփոց անելու մոլուցքը մոտեցել է ազգային անվտանգության սպառնալիք լինելու շեմին:

Մեր «խելոքները» որոշել են իրենց բացթողումների տակից դուրս գալ բնակչության առողջության հաշվին և հերքում են կորոնավիրուսի հետ կապված ամեն հնարավոր բան, որպեսզի հերթական անգամ թաքցնեն, որ ժամանակին չեն կողմնորոշվել և մինչև այժմ չեն էլ կողմնորոշվում, թե ինչպես պետք է պայքարեն վերը նշված վիրուսի տարածման դեմ:

Սահմանին երեք անգամ (դեռ հարցական է, թե ինչ ժամանակային ինտերվալով) ջերմաչափումով հնարավոր չէ հաստատել կամ հերքել վիրուսի գաղտնի շրջանը, իսկ հիվանդանոցային պայմաններում ուղղորդվել միայն ռենտգենաբանական հետազոտությամբ կատարյալ սխալ է, քանի որ այդ հետազոտությունը չի կարող լիարժեք պատասխանել հարցին՝ արդյո՞ք բուժառուն տառապում է կորոնավիրուսով կամ հանդիսանո՞ւմ է կրող, թե՞ ոչ:
Ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ թեստ, որը մեր երկրում չկա, ուստի ախտորոշումը թերի է:
Ու փոխանակ մեր «խելոքները» շտապ կարգով այդ թեստերից բերեն երկիր, զբաղված են ծածկադմփոցով...

Վաղը հարցազրույցի ժամանակ ավելի մանրամասն կներկայացնեմ թեման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել