Երևանի նախկին փոխոստիկանապետ

Կարծես թե ճակատագրի բերումով կրկին կանգնած ենք լուրջ երկընտրանքի առաջ…Հայաստանը դարեր շարունակ պետք է ընտրություն կատարեր` Ասորեստան, թե’ Հունաստան, Պարսկաստան, թե’ Բյուզանդիա, Ռուսաստան, թե’ … Հիմա էլ հերթական դիլեման, հերթական թնջուկը` ստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը, թե’ Եվրասիական միությանը հարել…
Ճնշումը շատ ակնհայտ է ու կոշտ, ոչ եղբայրական, ոչ ռազմավարական դաշնակցին հարիր: Կամ-կամ` պետք է ընտրել, պետք է որոշում կայացնել, իսկ դա այնքան էլ հեշտ չէ: Ռուսաստանը կարծես շատ ուժեղ, շատ սառնասրտորեն, պատմականորեն հերթական անգամ հարվածում է Հայաստանին` գոտկատեղից ներքև և շոյում մեր հարևանի սեխանման գլուխն ու նրբորեն ժպտում դարավոր թշնամուն: Պարզորոշ և հստակ նախկին դեսպանի շուրթերով սպառնում` թե ձեր Եվրամիությունը ոչ մի իրական օգնություն ցույց չի տա, այլընտրանք չունեք, եվրոպական արժեքներ կուտակելով Հայաստանը կարող է սահող ճանապարհի վրա հայտնվել: Նա նույնիսկ ավելացնում է.<<Դեռ հնում էին ասում` դեպի դժոխք ճանապարհը հարթեցվում է բարի նպատակներով>>:
Վերջին մտքի հետ համաձայն եմ: Դարեր շարունակ բռնելով Ռուսաստանի երկար պոչը, հավատալով նրանց <<բարեկամությանն ու բարի նպատակներին>>, խոստումներին, գրեթե կորցրել ենք մեր ինքնուրույնությունը, կանգնել կոտրած տաշտակի առաջ, դարձել խաղալիք, մշտապես կուլ գնացել <<եղբայրական>> պետության կայսերապաշտ քաղաքականությանը: Այո, ճիշտ է դեսպանը` իրենց կողմից հարթեցված ճանապարհով սահում ենք դեպի անորոշություն…
Շատ բարդ իրավիճակ է: Գազի թանկացում, թանկացման շղթայական ռեակցիա, ծանր ձմեռ, թեժ աշուն, սպասվելիք քաղաքական խմորումներ, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, ճգնաժամ, աշխարհա-քաղաքական մարտահրավերներ…Այս գորդյան հանգույցը կտրելու համար կամք է պետք, հնարավորություն, քաջություն և թրի փոխարեն դիվանագիտական հմուտ քայլեր:
Չգիտեմ, զգացողություն ունեմ, որ մեր երկիրը հիմա լարախաղացի նման պետք է անցնի շատ վտանգավոր և շատ խորը կիրճի, անդունդի վրայով…Կկարողանանք արդյոք?, կկարողանանք լինել միասնական, միակամ, համառ` բայց խելացի…
Դժվար է, շատ է դժվար, նաև վտանգավոր…Սակայն ոչինչ չենք կարող անել, եթե չսկսենք շատ արագ կարգավորել մեր տնտեսությունը, վերացնել արատավոր երևույթները, մոբիլիզացնել բոլոր ուժերը` Սփյուռք, Հայաստան, Արցախ, անել ամեն ինչ դիմակայելու այս փորձությանը: Պետք է թալանչիների <<ձեռքը կտրել>>, վերականգնել սփյուռքահայերի վստահությունը հայաստանաբնակ չինովնիկների նկատմամաբ, Հայաստանի, նրա իշխանությունների նկատմամբ և ազգովին, միասնական լուծել բոլոր խնդիրները…
Այլ ճանապարհ չունենք…Նաև ժամանակ չունենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել